Բեյրութում պայթյունից վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, Անթիլիասի կաթողիկոսարանը, հայ համայնքային կառույցներ․ կա 78 զոհ, մեկը՝ հայ, և 4000 վիրավոր, Լիբանանը օգնություն է խնդրում (թարմացվող, տեսանյութ)

20:38 • 04.08.20

10.07

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որը Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ, գրում է arevelk.am-ը:

Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: 

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

 

06:57

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

«Ես մի քանի մետր հեռավորության վրա էի գտնվում Լիբանանի էլեկտրաէներգիայի հաստատությունից, որը նավահանգստի հենց մոտակայքում է: Դուրս եկա մեքենայիցս, վազեցի դեպի շինություններից մեկի մուտքը և քիչ անց միայն հասկացա, որ այն ավերվել է: Հետո փորձում էի ծնողներիս զանգահարել, բայց որևէ մեկի հետ կապվել չէի կարողանում: Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել»,- Al Jazeera-ի հետ զրույցում պատմել է ականատես Նադա Համզան:

Լիբանանյան բանակի պաշտոնաթող մի գեներալի էլ տեղի ունեցածը Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն է հիշեցրել:

«Սա աղետ է: Փողոցներում ամենուրեք փշրված ապակիներ էին, և դու փողոցների բոլոր անկյուններում բազմաթիվ վիրավոր մարդկանց ես տեսնում»,- նշել է Խալեդ Համադը, որը պայթյունի պահին դեպքի վայրից կես կիլոմետր հեռավորության վրա է եղել:

Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000:

«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Հրշեջներին դեռեւս չի հաջողվել ամբողջությամբ մարել պայթյուն վայրում բռնկված ուժգին հրդեհը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել:

06:09

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, կա 4000 վիրավոր, հաղորդում է Al Jazeera-ն:

Իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ փրկարարական ուժերն աշխատում են փլատակների տակից թե ողջ մնացածներին, թե զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

04:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ամերիկյան գեներալների հետ, և վերջինները Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը հարձակում են համարում:

«Այո, պայթյունի բնույթից ելնելով՝ այն հարձակման է նման: Ես հանդիպել եմ մեր մի քանի հրաշալի գեներալի հետ, և նրանք, կարծես թե, ևս այդպես են մտածում: Դա նման չէր ինչ-որ արտադրական պայթյունի, կարծես թե դա, ըստ գեներալների, հարձակում է եղել, ինչ-որ ռումբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Լիբանանի կառավարության կողմի տեղի ունեցած պայթյունների հետաքննության արդյունքներին՝ միաժամանակ շեշտելով, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ աղետից վերականգնվելու նպատակով:

04:28

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեղորայք է ուղարկում Լիբանան՝ Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունից տուժած 500 վիրավորի բուժման նպատակով, ինչպես նաև՝ վիրահատական սարքավորումներ՝ պայթյունից տուժած և վիրահատական միջամտության կարիք ունեցող ևս 500 մարդու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ բժշկական օգնություն ուղարկելու խնդրանքով ԱՀԿ էր դիմել Լիբանանի կառավարությունը՝ հումանիտար օգնություն խնդրելով նաև բարեկամ պետությունների

03:58

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին:

Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:

03:52

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը արտակարգ դրություն կսահմանվի:

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, նման որոշում կայացվել է Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է երկրի նախագահ Միշել Աունի գլխավորությամբ:

Անվտանգության խորհրդի կողմից հատուկ հանձնաժողով է նաև ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի պատահարի հանգամանքները, իսկ դրանց վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա 5 օրերին ընթացքում:

Նիստի ընթացքում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Վարչապետը նկատել է, որ կառավարությունն այս պահին ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կյանքները փրկելու և նավահանգստի շինությունների փլատակների տակից զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

02:54

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ համայնքային կառույցները:

Մասնավորապես, նյութական մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը Անթիլիայի Մայրավանքը՝ կից կառույցներով:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Տուժել են նաև ՀՅԴ «Շաղզոյան» կենտրոնի մաս կազմող հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, որը պայթյունից մեծ վնասներ կրած հայահոծ Բուրջ Համմուտ թաղամասում է գտնվում, «Համազգայինի» պատկերասրահը:

 

01:21

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, վիրավորվել է ավելի քան 3700 մարդ, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել էր առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա, բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են:

Բժիշկների գնահատմամբ՝ օգոստոսի 5-ին զոհերի թիվը կարող է կտրուկ աճել:

Երկրի վարչապետ Հասան Դիաբը կատարվածն անվանել է «աղետ Լիբանանի համար» և օգնության խնդրանքով բոլոր բարեկամ երկրներին է դիմել:

05.08.2020

00:22

Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը:

Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել  «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին:

23։55

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է 2750 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքի տվյլաները:

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել է առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա: Բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են: Նախարարը նշել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:

23։38

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: Ինչպես փոխանցում է ТАСС  գործակալութունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, այս մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին:

Միևնույն ժամանակ «Ալ-Մայադին» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:

Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:

23։17

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 զոհի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ ներկա պահին պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2200-ի, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ:

22։52

Բեյրութի նավահանգստում երեքշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռոստաալիքին: Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Նաջարյանը լուրջ վիրավորում է ստացել և գտնվում է ծանր վիճակում՝ առանց գիտակցության:

22։35

Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»,- գրել է նա:

22։15

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է Ղազախստանի դիվանագիտական առաքելության շենքը, աննշան վնասվածքներ է ստացել երկրի հյուպատոսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ-ին:

Հյուպատոսության մյուս աշխատակիցներն արդեն հեռացել էին աշխատանքային օրվա ավարտից հետո:  

Գործակալության հաղորդմամբ՝ կատարվածի հետևանքով նյութական վնասներ են կրել նաև ՌԴ դեսպանության շենքն ու Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության շենքը: Կառույցների պատուհաններն ու պատշգամբի դռները կոտրվել են պայթյունի ալիքից: Տուժել է նաև РИА Новости-ի ներկայացուցչությունը:

Հաղորդվում է, որ առևտրային ներկայացուցչության բնակիչների շրջանում տուժածներ չկան, սակայն ТАСС գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է դեսպանության աշխատակցուհին:

21։58

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը Բեյրութի նահանգապետը համեմատել է Ճապոնիայում ատոմային ռումբի պայթյունի հետ: «Կատարվածը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին»,- ասել է Բեյրութի նահանգապետը, ում ելույթը հեռարձակվել է լիբանանյան հեռուստաալիքներով:

Այս մասին գրում է РИА Новости-ն՝ դեպքի վայրից կադրեր և ականատեսների խոսքը ներկայացնելով: «Ես մտածեցի, որ դա երկրաշարժ է, հետո ապակու բեկորներ գտա, որոնք տարածվեցին տնով մեկ»,- ասել է Բեյրութի բնակչուհիներից մեկը: Նրա խոսքով՝ հարևանները հսկայական սև ամպ են նկատել:

Պայթյունից րոպեներ անց սև և սպիտակ ծուխ է հայտնվել երկնքում: Նավահանգստից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մի քանի կմ հեռավորությամբ տեղակայված տներում պայթյունի ալիքը կոտրել է ապակիները:

21։20

Բեյրութում որոտացած հզոր պայթյունի ձայնը լսվել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որը լիբանանյան մայրաքաղաքից գտնվում է 250 կմ հեռավորությամբ:

Իսրայելական պետական ռադիոն հայտարարել է, որ Իսրայելն առնչություն չունի տեղի ունեցած պայթյունի հետ:

21։05

Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը հերքել է հրավառուկների պահեստում պայթյունի վարկածը և հայտարարել է, որ Բեյրութում որոտացած պայթյունի պատճառն այլ պայթուցիկ նյութերի բռնկումն է եղել:

21։00

Reuters-ը հայտնում է պայթյունի հետևանքով 10 զոհի մասին։

20։55

«Ալ-Հադաթ» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Բեյրութի նավահանգստի ուղղությամբ հրթիռային հարված կարող էր հասցված լինել: Աղբյուրի տվյալներով՝ հարձակման նպատակը, որը վերագրվում է Իսրայելի ռազմաօդային ուժերին, կարող էր լինել «Հեզբոլլահ» շարժման պահեստը:

Պայթյունի պատճառների պաշտոնական վարկած դեռևս չի հաղորդվում: Լիբանանյան բանակի հրամանատարության ներկայացուցիչները որևէ հայտարարություն այս հարցով չեն արել:

20։45

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհերի մարմինները հայտնաբերվել են լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում: Նշվում է նաև, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել երկու պայթյունի հետևանքով:

Համացանցում տեսանյութեր են հրապարակվում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքներից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, երկու պայթյուն է որոտացել Բեյրութում: Կատարվածի հետևանքով մի քանի տասնյակ տեղի բնակիչներ են վիրավորվել:

Բացի այդ, մի շարք տներ են ավերվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող է հրավառուկների պահեստում տեղի ունեցած բռնկումը լինել: