«Մենք պետք է իմանանք բոլոր նրանց անունները, որոնք փակել են բժիշկների բերանները». Լուկաշենկոյի մրցակիցը կոչ է արել քննել համավարակի ընթացքում իշխանությունների գործողությունները
Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ընթացքում իշխանությունների գործողությունները քննող հանձնաժողով ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Անհրաժեշտ եմ համարում կորոնավիրուսի համավարակի ընթացքում իշխանությունների գործողությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Մենք պետք է բոլոր նրանց անուններն իմանանք, որոնք որոշումներ են կայացրել, փակել են բժիշկների բերանները, իրական թվերը չեն ներկայացրել։ Բոլոր նրանց անունները, որոնք մեզ պաշտպանելու ձևերի մասին պատմելու և ծանր տնտեսական իրադրության ժամանակ գումար հատկացնելու փոխարեն խանգարել ու խաբել են մեզ»,- հայտարարել է Դմիտրիևը լրագրողներին։
Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ժողովրդին և Ազգային ժողովին ուղերձ հղելու օրը Դմիտրիևն «այլընտրանքային» ուղերձով է հանդես եկել, ինչի համար իր կողմնակիցներն Անկախության հրապարակում՝ Կառավարական շենքի մոտ, բեմահարթակ են տեղադրել։ Նշվում է նաև, որ այդ նույն շենքում է նաև գտնվում Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը։
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Լուկաշենկոն:










