Առաջարկ է եղել հանդիպել Կառավարության հետ. մենք պահանջում ենք տեղափոխել վագոն-տնակները, որից հետո կհանդիպենք Կառավարության անդամների հետ. Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)

20:33 • 04.08.20

20:00

Առաջարկ է եղել հանդիպել Կառավարության հետ, սակայն մինչև Կառավարության հետ  հանդիպելը մենք առաջարկում ենք, որ տնակները 30 մետր ճանապարհից ներս տեղափոխվեն, որից հետո կհանդիպենք Կառավարության անդամների հետ։ Այս մասին ասաց Ջերմուկի բնակիչ, ակտիվիստՇիրակ Բունիաթյանը՝ դիմելով ակցիայի մասնակիցներին:

«Մենք կամակորություն չենք անում, մենք ունենք հստակ պահանջ, այս տնակները այստեղ չեն կարող մնալ, պետք է այստեղից դուրս գան, մենք մեր տնակը չենք տեղադրի՝ իրավիճակը չլարելու համար: Մենք մեր մեջ ունենք վստահելի մարդիկ, կվստահենք նրանց խոսքին մինչև վերջ, իրենք կգնան և կխոսեն Կառավարության անդամների հետ, պետք է քննարկենք և որոշենք: Մենք հետ քայլ չունենք՝ Ամուլսարը սար է մնալու»,- նշեց Շիրակ Բունիաթյանը:

Նշենք, որ քաղաքացիները փակել են Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ գտնվող ճանապարհը: Ոստիկանները հորդորում են ճանապարհը բացել, սակայն քաղաքացիներն նշում են, որ ճանապարհը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև տնակը չտեղափոխվի իր նախկին տեղը:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենի» ընկերությունը գիշերը հանել է տարածքում  հերթապահություն իրականացնելու նպատակով արդեն 3 տարի տեղադրված տնակները և տեղադրել իրենց տնակը՝ ասելով, որ տարածքը պատկանում է իրեն: Արդեն 3 ժամ է՝ հենակետում իրավիճակը լարված է, 10 քաղաքացի է բերման ենթարկվել, ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: