Թուրքիայի Մալաթիայի նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, մարդիկ իրենց տներից դուրս են եկել փողոցներ (լուսանկարներ)
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիայի նահանգում այսօր` տեղական ժամանակով ժամը 12:37-ին (Երևանի ժամանակով՝ 13:37-ին), 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը եղել է Փյութուրգե (պատմական Շիրո) գյուղում: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի բնական աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կիլոմետր խորության վրա:
Մալաթիայի նահանգապետ Այդըն Բարուշը նշել է, որ դեռևս բացասական հետևանքների մասին ոչ մի տեղեկություն չկա, աշխատանքները շարունակվում են:
Մարդիկ իրենց տներից և աշխատավայրերից դուրս են եկել փողոցներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Մալաթիայի հարևան նահանգներում` Դիարբեքիրում, Բաթմանում, Էլազըղում (Խարբերդ), Սիիրթում (Սղերդ), Քահրամանմարաշում, Ադըյամանում, Շանլըուրֆայում, Գազիանթեփում և այլ շրջաններում:












