Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ

19:04 • 04.08.20

Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: 

Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։