«Բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին». Կալիֆոռնիայի նահանգապետն ու փոխնահանգապետը դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը վանդալիզմի ենթարկելը

10:10 • 04.08.20

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի ակտը:

«Դա ուղղակի զզվելի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Կալիֆոռնիայում»,-իր թվիթերյան էջում գրել է նահանգապետը:

Միջադեպին անդրադարձել է նաև Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ նշելով, որ հայկական դպրոցի նկատմամբ հարձակումն ատելության հիմքով իրականացված հանցագործություն  է, որի դրդապատճառն Ադրբեջանի ագրեսիան է ընդդեմ Հայաստանի:

«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,-հավելել է փոխնահանգապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սան Ֆրանցիսկոյում գտնվող Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական հայկական դպրոցը և դրան հարող հայկական համայնքային կենտրոնը հուլիսի 24-ի գիշերը վանդալիզմի է ենթարկվել․ շենքի արտաքին պատերին ադրբեջանամետ գրաֆիտիներ են հայտնվել: Կատարվածը դատապարտել են ԱՄՆ Հայ դատ հանձնախումբն ու Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը Twitter-ում նույնպես իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

«Ոմանք վանդալիզմի են ենթարկել հայկական դպրոցը/հասարակական կենտրոնը։ Ես զայրացած եմ։ Դա լիովին հակասում է Սան Ֆրանցիսկոյի արժեքներին։ Դա նույնպես հանցագործություն է»,- գրել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը՝ նշելով, որ համատեղ աշխատանք է տարվում Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության վարչության հետ՝ հետաքննություն անցկացնելու համար։

«Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել է նա։