Կատալոնիայում պահանջում են Ֆելիպե VI արքայի հրաժարականը՝ երկրից նրա հոր «փախուստից» հետո
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան պահանջել է, որ Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը հրաժարվի գահից իր հոր՝ Խուան Կառլոսի՝ երկրից «փախուստի դիմելու» պատճառով:
Ինչպես փոխանցում է Europa Press-ը, ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ՝ Տոռան պահանջել է նաև Իսպանիայի կառավարությունից բացատրություն տալ այն մասին, թե ինչու է «թույլ տվել և աջակցել այն անձի փախուստին, որի նկատմամբ հետաքննություն է վարվում կոռուպցիոն գործով»:
Կատալոնիայի ղեկավարը տարածաշրջանային խորհրդարանի խոսնակին խնդրել է տվյալ հարցը քննելու համար արտահերթ լիագումար նիստ գումարել։
Հիշեցնենք, որ Խուան Կառլոսն ավելի վաղ տեղեկացրել էր որդուն՝ Ֆելիպե VI արքային, երկրից մեկնելու որոշման մասին: Միևնույն ժամանակ նա իր փաստաբանի միջոցով տեղեկացրել է, որ հասանելի կլինի դատախազության համար: ԶԼՄ-ների տվյալներով՝ Խուան Կառլոսն արդեն հեռացել է երկրից և գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:
Հունիսի սկզբին Իսպանիայի Գերագույն դատարանը հետաքննություն է սկսել Խուան Կառլոսի նկատմամբ՝ Սաուդյան Արաբիայում Մեքքայի ու Մեդինայի միջև գերարագ երկաթուղային գծի կառուցման մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ գործով: Հետաքննությունը փորձում է պարզել սաուդացի թագավորի կողմից Խուան Կառլոսին կաշառք տալու հանգամանքները:
Հիշեցնենք, որ Խուան Կառլոսը Իսպանիայի գահից հրաժարվել է 2014 թվականին:










