Եթե քաղաքացին չի ենթարկվում, բնականաբար նրա նկատմամբ կիրառվում է հարկադրանքի միջոց․ Վայոց Ձորի ոստիկանապետը՝ Ամուլսարից բերման ենթարկվածների մասին

22:25 • 05.08.20

Քաղաքացիներ չգիտեմ՝ ինչու որոշեցին թույլ չտալ, որ ոստիկանությունը քաղաքացուն տեղափոխի և նստեցնի ավտոմեքենա և սկսվեց հրմշտոց. նշեց Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ ակցիայի ժամանակ ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանի ոտքի վրայով ոստիկանության մեքենան անցել է և նա ստացել է վնասվածք:

«Ընդհանուր հրմշտոցի ժամանակ, երբ փորձ է արվել հասարակական կարգը պահպանել, հնարավոր է՝ կանայք ընկել են, սակայն ինչ որ մեկի նկատմամբ որևէ դիտավորություն չկա, ոստիկանական ուժերը փորձել են կատարել իրենց գործառութային պարտականություններն՝ օրենքով սահմանված կարգով: Երբ քաղաքացին չի ենթարկվում պահանջներին, և կատարել է հակաիրավական գործողութուններ, ոստիկանական ուժերը  փորձել են կանխել այդ գործողությունները և եթե քաղաքացին չի ենթարկվել և շարունակել  է ընդդիմանալ, բնականաբար նրա նկատմամբ կատարում է հարկադրանքի միջոց»,-նշեց ոստիկանապետը:

Բերման ենթարկված անձանց վնասվածքներ ստանալու հետ կապված Գևորգ Ազիզյանը նշեց, որ ընթանում են նյութերի նախապատրաստման աշխատանքներ և բոլոր հանգամանքները կպարզվեն, կպարզվեն նաև վնասվածքի վիճակը և, եթե ոստիկանության գործողության արդյունքում է եղել, դա էլ հաշվի կառնվի:

Ակցիայի մասնակցի հարցին`թե իրավունք ունեին արդյո՞ք վագոն-տնակները դնել մի կողմ, ոստիկանապետը նշեց. «Ես համաձայն չեմ այդ  իրավիճակի հետ, եթե ես ունենամ այդ հարցի իրավական ճանապարհով լուծման հնարավորություն, անպայման կլուծեմ: Մենք փորձում ենք այս իրավիճակը հանգուցալուծել արագ: Վագոն – տնակների տեղափոխման խնդիրը քննարկվում է,  լուծումը մեկ ժամում չի լինի»,-նշեց նա

Հիշենենք, որ Ամուլսարի երկրոդ հենակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ցուցարարները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը:

Ակցայի մասնակիցները ներկայացնում են երկու պայման՝ անվավեր ճանաչել ՇՄԱԳը և վագոն- տնակը հեռացնել ճանապարհից 30 մետր հեռու, քանի որ այդ տարածքում  արգելվում է տեղադրել վագոն- տնակ: