Ֆրանսիան և Ավստրալիան միացել են Լիբանանին տրամադրվող միջազգային օգնության ծրագրին՝ դեղամիջոցներ, անհրաժեշտ սարքավորումներ և բուժանձնակազմ ուղարկելով Բեյրութ
Ֆրանսիան երկու ռազմական ինքնաթիռ և 15 տոննա սարքավորումներ կուղարկի Լիբանան՝ երկրին օգնություն տրամադրելու միջազգային ջանքերի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը, օգնության փաթեթը ներառում է 55 հոգանոց անձնակազմ, որոնք աջակցություն ցույց կտան տուժածներին, 15 տոննա սարքավորումներ և շարժական հիվանդանոց՝ նախատեսված 500 վիրավորների համար:
Նախատեսվում է, որ սարքավորումներն ու անձնակազմը Լիբանան կժամանեն հինգշաբթի կեսօրին: Բացի այդ, ևս 10 բուժաշխատողներ հնարավորինս շուտ կժամանեն Բեյրութ՝ մայրաքաղաքի հիվանդանոցներում աշխատելու համար:
Ելիսեյան պալատից հայտնել են նաև, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի կմեկնի Բեյրութ՝ «համերաշխություն» հայտնելու լիբանանցի ժողովրդին:
Ֆրանսիան միանում է Կատարին, Քուվեյթին և Իրաքին, որոնք ևս խոստացել են դաշտային հիվանդանոցներ և բժշկական իրեր ուղարկել լիբանանյան մայրաքաղաք: Կատարն արդեն բուժսարքավորումներով լի առաջին ինքնաթիռն ուղարկել է Բեյրութ:
Ավստրալիան ևս միացել է օգնության ծրագրին և 1.4 մլն դոլար նվիրաբերել Լիբանանին՝ որպես մարդասիրական օգնություն պայթյունի հետևանքները հաղթահարելու համար: Ավստրալիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ այդ գումարը կուղղվի Համաշխարհային պարենային ծրագրին և Կարմիր խաչին, որոնք տուժածներին կօգնեն սննդի և դեղամիջոցների ապահովման հարցում:
Լիբանան փրկարարների թիմ, դեղամիջոցներ և առողջապահության ոլորտի աշխատակիցների է ուղարկում նաև Թուրքիան:










