Ակցիայի կարճաժամկետ պահանջն է, որ «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները հետ տարվեն, այն է՝ վերադարձ լինի նախկին ստատուս քվոյին. կընդունենք Կառավարության հրավերը, եթե մեր պահանջը կատարվի. Շիրակ Բունիաթյան
Ամուլսարում ընթացքող բողոքի ակցիայի ընթացքում Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը նշեց, թե ակցիայի կարճաժամկետ պահանջն այն է, որ «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները հետ տարվեն, այն է՝ վերադարձ լինի նախկին ստատուս քվոյին, հետո միայն անցնեն բանակցություններին:
«Բնակչության մոտ մեծ զայրույթ է առաջացնում այս վագոն-տնակների՝ այստեղ գտնվելը: Կարծում եմ՝ այս վագոն-տնակները լավ առիթ էին, որ ժողովուրդը դուրս գա՝ հարցի վերջնական պատասխանին սպասելով»,-ասաց Բունիաթյանը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ստատուս քվոն վերականգնվելու է, Բունիաթյանը պատասխանեց, թե նման տեղեկություն չունի. «Դա կարճաժամկետ պահանջներից մեկն է: Եթե դա բավարարվի, կարծում եմ՝ բնակչությունն այլևս կարիք չի ունենա այստեղ լինել, կանցնենք փուլային լուծումների: Այնպես չէ, որ չենք երկխոսի Կառավարության հետ, բայց կան այսպիսի արագ լուծվող հարցեր, որոնց լուծումը ժողովուրդը պահանջում է, սա կամակորություն չէ»,-ասաց նա:
«Մենք պահանջ ենք առաջ քաշել. կընդունենք Կառավարության հրավերը, եթե մեր պահանջը կատարվի: Ոստիկանապետն է մեզ ասել, որ կարող ենք հանդիպում ունենալ Կառավարության անդամների հետ»,-ասաց Ջերմուկի բնակիչը:










