«Ես, իհարկե, անհանգստանում եմ և՛ ընտանիքիս, և՛ թիմի անդամների համար». Բելառուսի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում
Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը հայտարարել է, որ երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հասցեին սպառնալիքներ են հնչում: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
«Կան սպառնալիքներ համացանցում, անձնական հաղորդագրություններ էլ են գալիս: Մարդիկ ինչ ասես չեն ուղարկում՝ սկսած վիրավորանքներից, վերջացրած ուղիղ սպառնալիքներով: Այդ ամենը կա, ես, իհարկե, անհանգստանում եմ և՛ ընտանիքիս, և՛ թիմի անդամների համար, քանի որ Բելառուսում ոչ ոք ապահովագրված չէ դրանից»,-ասել է Դմիտրիևը:
Նա տեղեկացրել է, որ դեռևս չի դիմել իրավապահ մարմիններին, քանի որ չի ցանկանում «բորբոքել կրքերը»:
«Եթե տեսնեմ, որ այդ ամենը հասնում է անընդունելի մակարդակի, իհարկե, ես դա կանեմ: Ամեն դեպքում, պարզ չէ, թե ով է դա գրում: Ես ուղղակի ընթերցում եմ այդ նամակները և փորձում եմ պաշտպանել ընտանիքիս անդամներին, նրանց համար անվտանգության կանոններ սահմանել»,-բացատրել է նախագահի թեկնածուն:
Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին, դրան կմասնակցի 5 թեկնածու: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:










