Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն անհետանում է համաշխարհային ռադարներից, իսկ իր անունը՝ ոչ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Փիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Վրաստանն անհետանում է միջազգային ռադարներից, իսկ իր անունը՝ ոչ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սաակաշվիլին մեկ անգամ չէ հայտարարել, որ չի ճանաչում այսօրվա վրացական ղեկավարության օրինական լինելը և պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում պայքարել առաջնագծում։ Այս հայտարարությունից հետո վրացական իշխանությունն իր դեսպանին հետ է կանչել Ուկրաինայից՝ իր նախկին նախագահի հայտարարությունը Վրաստանի ներպետական գործերին միջամտություն որակելով։
«Ես ցանկացած եվրոպական երկրի վարչապետի թեկնածու կարող եմ լինել։ Կարող եք ուկրաինական լրատվամիջոցներն ուսումնասիրել և համոզվել դրանում։ Ես Ուկրաինայում շատ կարևոր գործառույթների իրականացման ղեկավար եմ։ Սակայն այս մասին չէ, որ պետք է խոսենք, այլ այն մասին, որ Վրաստանը որպես պետություն կվերանա։ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում էր, որ իմ անունն անհետանար համաշխարհային ռադարներից։ Ես հստակորեն համաշխարհային բոլոր ռադարներում իմ տեղն ունեմ, իսկ Վրաստանը՝ ոչ։ Ի տարբերություն գավառական քաղաքական գործիչների՝ ինձ համար իմ երկիրը շատ ավելի բարձր տեղում է, քան իմ անձը։ Այժմ մեզ մոբիլիզացում և շատ արագ գործողություններ են հարկավոր։ Այս ընտրություններով Իվանիշվիլիի ռեժիմը պետք է ավարտվի»,- հայտարարել է Սաակաշվիլին։










