«Մենք կիսում ենք ձեր ցավը». Իսրայելն օգնություն է առաջարկում Լիբանանին` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո

14:19 • 05.08.20

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը հումանիտար օգնություն է առաջարկել Լիբանանին` երկրի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Այս մասին գրում է haaretz.com կայքը:

«Իսրայելը միջազգային անվտանգության և դիվանագիտական ալիքներով դիմել է Լիբանանին և բժշկական ու հումանիտար օգնություն առաջարկել Լիբանանի կառավարությանը»,-ասված է Գանցի և Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշխենազիի գրավոր հայտարարության մեջ:

Լիբանանի կառավարության հետ Իսրայելը կապ է հաստատել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և Ֆրանսիայի միջոցով:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից էլ հայտարարել են, որ վարչապետը խնդրել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթին այս հարցով կապվել տարածաշրջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը նույնպես իր աջակցությունն է հայտնել Լիբանանին:

«Մենք կիսում ենք լիբանանցի ժողովրդի ցավը և անկեղծորեն ձեռք ենք մեկնում, մեր օգնությունն ենք առաջարկում այս դժվարին պահին»,-գրել է Իսրայելի նախագահն իր թվիթերյան էջում:

Իսրայելական բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրաեն թվիթերյան իր էջում անդրադարձել է Իսրայելի արած առաջարկությանը՝ գրելով, որ «այժմ ժամանակն է դուրս գալ հակամարտության սահմաններից»:

Որոշ իսրայելցի օրենսդիրներ նույնպես աջակցող գրառումներ են արել սոցիալական ցանցերում:

Իսրայելի և Լիբանանի սահմանից ոչ հեռու գտնվող Զիվ բժշկական կենտրոնի տնօրեն Սալման Զարկան Ֆեյսբուքում արաբերենով գրել է. «Մենք պատրաստ ենք բժշկական օգնություն տրամադրել, ինչպես արել ենք ավելի վաղ Լիբանանի հարավի և Սիրիայի բնակիչների համար»:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: