Ոստիկաննները M Group-ից 5 փաթեթ փաստաթուղթ են առգրավել, երբ նման գործողություն կատարելու իրավասություն չունեին. մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել. փաստաբան (տեսանյութ)
M Group-ում ոստիկանական գործողությունն ավարտվեց, կարող ենք ցավով արձանագրել, որ մեր հարգարժան ոստիկաններն այդպես էլ չհասկացան, որ պարտավոր են օրենքի տառին համապատասխան գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց M Group ընկերության փաստաբաններից Գեորգի Մելիքյանը՝ անդրադառնալով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների՝ M Group ընկերությունում կատարած գործողություններին:
«Վատ է, որ այսօր Սահմանադրությունն այնքան է ոտնատակ արվել, որ նաև մեր ոստիկաններն են մոռացել, որ կա Սահմանադրության 32-րդ հոդված: Դիմակավորված ոստիկանները սահմանափակել էին մեր վստահորդի սեփականության նկատմամբ իր տիրապետման իրավունքը, ինչն արդեն իսկ ի ցույց է դնում, որ մենք մեր երկրում, ըստ էության, Սահմանադրություն չունենք: Այն կա, բայց կյանքի կոչող չկա»,-ասաց Մելիքյանը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք արձանագրել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել: «Հանդես ենք եկել հանցագործության մասին հաղորդմամբ, որ ոստիկանների գործողությունները համապատասխանում են Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հանցակազմի տարրերին, այն է՝ նրանք սահմանազանցել են իրենց լիազորությունները, կատարել են ոչ թե դեպքի վայրի զննության գործողություն, այլ՝ խուզարկությանն ու առգրավմանը բնորոշ գործողություններ»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, թե դա ակնհայտ էր դառնում նրանով, որ վերջիններս 5 փաթեթ հաշվապահական բնօրինակ փաստաթղթեր են առգրավել այն դեպքում, երբ նման գործողություն կատարելու իրավասություն չունեին, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշում առկա չէ:
«Մենք ակնկալում ենք, որ գլխավոր դատախազն արձագանքի այս ապօրինություններին: ՀՔԾ հաղորդում ենք ներկայացնելու, և հուսով ենք ՝ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,-նշեց նա՝ հավելելով, թե գործողությունը վիճարկելու են գլխավոր դատախազին, իսկ մերժվելու դեպքում դիմելու են դատարան՝ իրավունքի խախտումը ճանաչելու փաստով:
«Անկախ նրանից, թե այստեղից ինչ են տարել, հետագայում մեր պաշտպանյալի մասով որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել»,-հավելեց նա:
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե որն է հետաքննություն անցկացնելու կոնկրետ առիթը:
Հիշեցնենք՝ այսօր առավոտից Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում գործողություններ էին իրականացնում: Այսօր ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանն ասել էր, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել իրավապահների գործողության տարածք:










