Զինված ուժերում անցկացված ստուգումները հաստատել են ՌԴ բանակի բարձր մարտական հնարավորությունները. Շոյգու

21:27 • 05.08.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ երկրի Զինված ուժերի մարտունակության հանկարծակի ստուգումը, որը տեղի է ունեցել համավարակի պայմաններում, հաստատել է, որ մարտունակության նվազում թույլ չի տրվել: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն:

Զորքերի մարտունակության ստուգումն իրականացվել է հուլիսի 17-21-ը՝ դառնալով զինված ուժերում տեղի ունեցած ամենազանգվածային միջոցառումն այս տարվա ընթացքում, ինչպես նշել է նախարարը:

«Ռուսաստանի Դաշնության տարածքի մեծ մասում անցկացվել են տարբեր բնույթի 56 զորավարժություններ, որոնց մասնակցել են 149 755 զինծառայող, 26 820 միավոր սպառազինում և զինտեխնիկա, 141 թռչող սարքեր, 106 նավ»,- ներկայացրել է Շոյգուն:

Նա նաև ընդգծել է, որ ստուգումների նպատակը կարանտինային միջոցառումներից հետո զինված ուժերում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատկեր ստանալն էր: Բացի այդ, ստուգումը նախապատրաստում է դարձել «Կովկաս-2020» մարտավարական ուսումնավարժանքների համար, որոնք անցկացվելու են սեպտեմբերին: