Կառավարության անդամները, երբ իրենց գլուխը դնում են բարձին, թող պատկերացնեն՝ այսքան մարդ դուրսն է մնացել. Եկմալյանի բնակիչներ

13:23 • 06.08.20

Եկմալյան 4-16 փողոցի բնակիչները կառավարության դիմաց հերթական անգամ պահանջում էին իրենց խնդրին լուծում տրվի:

Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ իրենց տները քանդել են, 15 տարի է՝ մնացել են փողոցներում, վարձով են ապրում: Նրանք նշեցին, որ ինչ ընտրվել է այս նոր իշխանությունը, դիմել են, սակայն որևէ արձագանք չկա:

«Նախկին խաբվածներ ենք: 15 տարի է՝ պետության կարիքների համար մեր տները քանդել են, մնացել ենք անտուն: Նախորդ իշխանությունները համոզելով, խաբելով օրեր էին ձգում, այս իշխանությունները մեզ հույս էլ չեն տալիս, չեն էլ ասում՝ որևէ մեկը կա՞ խնդրով զբաղվող, թե՞ չէ: Մենք հույս ունենք, որ մի շարժ կլինի, արդարությունը կհաղթանակի, բայց այսօրվա դրությամբ ոչ ոք չի անում, մեկը մեկին պաս են տալիս՝ քաղաքապետարան, քաղաքապետարանից կառավարություն»,- ասացին բնակիչները:

«Մենք պարոն Փաշինյանի հետ հանդիպում ենք խնդրում, միայն նա կարող է այս հարցը լուծել, ուրիշ ոչ մեկ: Մենք էլ չգիտենք՝ ում դիմենք, անտեսված մարդիկ ենք: 15 տարի վստահել ենք, մեր բերանը փակել են խաբելով, այսօր էլ փակված է, հիմա էլ մեր բերանը փակում են մասկաներով: Մեր կառավարության անդամները իրիկունը աշխատանքից հետո տուն են գնում, բայց մենք չգիտենք՝ ուր գնանք: Ոչ մի անգամ, ոչ մի փոխհատուցում չեն տվել, եթե իրենք գնում են, իրենց գլուխը դնում են բարձին քնում են, թող պատկերացնեն՝ այսքան մարդ դուրսն է մնացել, մենք էլ ենք մարդ, քաղաքացի ենք»,- ասաց նա:

Նրանք նշեցին, որ 27 բնակչի տուն չի տրամադրվել, մնացել են անտուն: «Եթե հնարավոր չէ այս հարցը լուծել, գոնե թող մերժեն, որ իմանանք վերջ, սպասելիք չունենանք, հաճելի չէ գանք, բողոքենք, մի հատ էլ տուգանեն մեզ դիմակի համար:

Այս հարցը դժվար չէ լուծել․ տեղը կա, կարող են շենք կառուցել: Մենք մեղավոր չենք, որ մեզ խաբել են, մենք մեղավոր չենք, որ այդտեղ տեղը նեղ է, շենք չեն կարող կառուցել, մեր խնդիրը թող լուծեն, նոր դրանից հետո ինչ կուզեն թող անեն»,- ասաց նա:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կառուցապատողը կա, ամերիկահայ է, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեշչյանը թույլ չի տվել կառուցի: «Նա ուզում էր բարձրահարկ կառուցել 27 բնակչիս համար ու մանկապարտեզ։ Մեսչյանն ասաց, որ այդ հարցին լուծում կտանք, երկու տարի անցել է, հիմա էլ դիմում է գրել ազատման, ոչ մեկ մեր հարցը չի լուծում: Մենք խնդրում ենք Փաշինյանին մեզ ընդունի, 10 րոպե լսի մեր տների հարցը լուծի»,- նշեց նա: