Եթե թույլատրվելու է որոշ ոլորտների վերագործարկումը, արտակարգ դրության տրամաբանությունը կորում է․ սա կամայականություն է իշխանության կողմից՝ այսպես ենք ցանկանում, այսպես ենք անում․ Ա․ Կոստանյան
Արտակարգ դրությունը, հերթական անգամ երկարաձգելով, իշխանությունը որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում: Ինչպես տեսնում ենք, հիմա թվերի աճ չի գրանցվում, փաստորեն, բնակչությունը պահում է համաճարակային կանոնները և առանց արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու հնարավոր էր որոշակի սահմանափակումներ թողնել, քանի որ արտակարգ դրության երկարաձգումը ոչ միայն ներքին, այլև արտաքին առումով վնասում է երկրին: Հայաստանը շարունակում է մնալ այն երկրների ցուցակում, երբ օրինակ եվրոպական երկրներից Հայաստան մուտքը արգելվում է: Tert.am –ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Արտակարգ դրության երկարաձգման քաղաքական նկատառումը այն է, որ երկրի իշխանության կառավարման շուրջ ձևավորված դժգոհությունները գնալով մեծանում են՝ թե տնտեսական, և թե սոցիալական, վերջին շրջանում նաև՝ կրթական: Այսօր կա նաև Ամուլսարի խնդիրը, և այդ հարցը երկու տարի շարունակ անընդհատ երկաձգվում է և որևէ լուծում Կառավարության կողմից չի տրվում և բնական է, որ դժգոհությունը մեծանում է այս և այլ խնդիրների շուրջ:
Այստեղ քաղաքական միտում եմ տեսնում, որով իշխանությունը փորձում է զսպել քաղաքացիների դժգոհությունները, թույլ չտալ իրականացնել հանրային հավաքներ: Այս հարցի շուրջ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց ունի, որ հավաքների կազմակերպումը այնպիսի հիմնարար իրավունք է, որի սահմանափակման իրավունք իշխանությունը տվյալ պարագայում չունի»,-նշեց Աննա Կոստանյանը:
Դիտարկմանը, թե երեկվա պարետատան նիստի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան նշել է, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն, մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիերի մուտքի հարցը, ապրանքների արտահանման, հանրահավաքների և հանրային միջոցառումների անցկացման հարցը, Աննա Կոստանյանը նշեց, որ դժվար է հասկանալ այս դեպքում, իշխանության դիրքորոշումը որն է՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար, հատկապես երբ որոշ արգելքներ պետք է թույլատրեն.
«Եթե թույլատրելու են որոշ ոլորտների վերագործարկում, հանրահավաքների իրականացումը, ընդհանրապես այստեղ տրամաբանությունը կորում է՝ արտակարգ դրության երկարացման: Սա կամայականություն է իշխանության կողմից՝ այսպես ենք ցանկանում, այսպես էլ անում ենք, ինչը շատ անթույլատրելի է»․-նշեց նա:










