Դիմել ենք քաղաքապետարան, ասել են՝ ամբողջ Սարի թաղն այդ վիճակում է, չենք կարող օգնել. Սարի թաղի վթարային տան բնակիչ (տեսանյութ)
Սարի թաղի 20 փողոցի բնակիչներից Եվա Մկրտչյանը կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտ ամսին իր տան պատը քանդվել է, որտեղ ապրում են 6 անչափահաս երեխաներ:
«Եթե մենք մի քիչ անուշադիր լինեինք, այդ պատը որ քանդվեց իմ թոռնիկների վրա, իմ թոռնիկները կարող էին մնալ պատի տակ և չգիտեմ՝ ինչ ողբերգություն կլիներ: Ես արդեն 40 տարի է ապրում եմ Սարի թաղում, նույն կարգավիճակն է: Բանկերից տոկոսներով գումար շատ ենք վերցնել, վերանորոգել ենք մեր տները: Անցած տարի ես նորից վերանորոգել եմ, այս տարի պատը քանդվեց, ինչքա՞ն կարելի է»,- ասաց նա:
Եվա Մկրտչյանի խոսքով՝ որտեղ դիմում են, իրենց ձայնը տեղ չի հասնում. «Քաղաքապետարան ենք գնում, ասում են՝ մեր գործը չի, թաղապետարան են ուղարկում, թաղապետարան ենք գնում, քաղաքապետարան են ուղարկում, վերջում էլ քաղաքապետարանն ասում է՝ ամբողջ Սարի թաղի վիճակը դա է, կներեք, չենք կրող օգնել: Ես 4 զինվոր եմ մեծացնում, այդ երեխան առողջ կյանքով չապրի՞, որ իր հայրենիքին ծառայի»,- նշեց նա:
Նշենք, որ կառավարության դիմաց Սարի թաղի 20 փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց նոր բնակարաններ տալ, քանի որ ընդերքի ջրերի պատճառով իրենց բնակարանները վթարային վիճակում են գտնվում:










