«Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակը սխալ է տեղադրված, վաղը կտեղափոխեն, այսօր Ամուլսարում ակցիան ավարտվեց (տեսանյութ)
22։25
Չգիտեմ՝ ինչ կատարվեց Քննչական կոմիտեում, «Էլարդը» պիտի գար, չեկավ, մի տարի է՝ ոչ մի լուր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներից մեկը:
«Մենք ասում ենք՝ լավ, սպասենք, մեր տունն է արդեն դարձել այս տարածքը, բայց հիմա Քննչական կոմիտեին հորդորում ենք, որ գործը սկսի»,- ասաց նա:
Խոսելով քաղաքապետի հորդորների մասին՝ ակցիայի մասնակիցը նշեց, որ ստացվում է՝ վագոն-տնակները պետք է 7 մետրով դուրս հանեն, որը նրա գնահատմամբ՝ գլխի տակ փափուկ բարձ դնել է, քանի որ նրանք ուզում են վերադառնալ իրենց հին դիրքին:
«7 մետրը ոչ մի եղանակ չի փոխում, մեզ պետք է այն ՇՄԱԳ-ը, որը մեր ձեռքից անօրինական խլել են, Քննչական կոմիտե եմ զանգում, չեն վերցնում, թող գործին ընթացք տան, որ ամեն ինչը ընկնի տեղը»,-շեշտեց նա:
22։05
Ջերմուկի բնակիչներից մեկն ասաց, որ պահանջը պետք է լինի հարցի լուծումը, ոչ թե վագոն-տնակի հարցը. «Թող վարչապետը գա Ամուլսար, վարչապետը պետք է այս հարցին լուծում տա»,-ասաց ցուցարարը: Նրա խոսքով՝ պետք չէ այլևս սպասել, պետք է անցնել հարցի լուծմանը:
21։35
Լրացուցիչ ելութով կրկին հանդես եկավ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ ասելով, որ այսօր ճշտել են, նամակ են գրել, «Լիդիան Արմենիա»-ն սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, սխալ կետում են տեղադրել, ասել են, որ վաղը կգան և կուղղեն սխալը: Նա խնդրեց բացել ճանապարհը, իսկ վաղը վագոն-տնակները կտեղափոխվեն:
Նշենք, որ սա Ամուլսարի պահապանների պահանջներից մեկն էր:
21։20
Ջերմուկի համայնքապետը քիչ առաջ հայտարարեց որ «Լիդիան Արմենիա»֊ի վագոն֊տնակները անօրինական կերպով են տեղադրված կոնկրետ այս տարածքում և վաղը կզբաղվեն այդ հարցով։ Համայնքի ժողովուրդը պահանջում է, որ վագոն֊տնակները հեռացնեն հենց հիմա։
21։15
Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, խոսք ուղղելով Ամուլսարի պահապաններին, ոստիկանության անունից առաջարկեց ժամանակավորապես ճանապարհը բացել, որպեսզի չխանգարեն քաղաքացիների ազատ տեղաշարժին, հետո նորից շարունակեն ակցիան:
«Եթե դուք որոշել եք, որ այս տարբերակով ձեր ձայնը լսելի կլինի, մենք չենք խոչնդոտի դրան, բայց միևնույն ժամանակ հիշեք, որ այս ամենը կատարվում է արտակարգ դրության պայմաններում և մարդիկ ունեն գոնե ազատ տեղաշարժվելու իրավունք»,- ասաց նա:
Ազիզյանը երեկ տեղի ունեցած միջամտությունների մասին ասաց, որ երեկ կրկին ցանկացել են ապահով երթևեկության կազմակերպել, իսկ այսօր թույլ են տվել, որ այդ ամենը հասկանան ակցիայի մասնակիցները՝ չսահմանափակելով մյուսների իրավունքները:
«Ընդամենը այս մի ճանապարհն է, քաղաքացիներն անհանգստացած են, որ չեն կարողանում տեղաշարժվել»,- ասաց նա և պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա՞ քաղաքական հրահանգ, որ այսօր քաղաքացիների նկատմամբ ուժ չի կիրառվել, ասաց՝ Ոստիկանությունը երբեք քաղաքականության հետ որևէ աղերս չի ունեցել:
21։00
Ամուլսարի 2-րդ պահակակետում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովաննիսյանը նշեց, որ Կառավարությունը տեղյակ է խնդրին, պայմանավորվել են Ամուլսարի պահապանների հետ, որ երկու կողմից էլ վագոն-տնակները պետք է հանվեն և ճանապարհը միանշանակ չպետք է փակվի:
«Երկու կողմի իրավաբաններն աշխատում են, կարծում եմ, մենք կգտնենք ճանապարհը վագոն-տնակների հարցը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ակտիվիստների տնակները թույլատրելո՞ւ են, որ մնա, Ջերմուկի քաղաքապետն ասաց՝ ո՞նց կարող են մնալ, եթե հողը զավթվում է. «Այլ խաղաղ միջոցներով կարող են իրենց ցույցներն անել, երեք հենակետերում էլ վագոն-տնակների հարցը պետք է լուծվի»:
Հարցին, թե խոսել է այդ մասին ջերմուկցիների հետ, քաղաքապետը դրական պատասխան տվեց: Մեկ այլ հարցի, թե ինչու պետք է ջերմուկցիները համայնքապատկան տարածքից վագոն-տնակները հանեն, Վարդան Հովհաննիսյանն ասաց. «Դա համայնքապատկան տարածքում չի եղել: Չորս ձևի ստուգում ենք արել և ունեք փաստաթուղթ, որ այդ հողը «Լիդիան»-ի կողմից վարձակալած է: Հիմա իրավաբանները զբաղվում են այդ հարցով, որ հասկանանք, թե իրավունք ունեցե՞լ են այդ հողը վարձակալելու, թե ոչ»:
19։30
Ամուլսարի 2-րդ պահակակետում պահնորդական խումբն է, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներ, ովքեր Ջերմուկի ավտոերթով մոտեցան պահակակետին:
Լրագրողների հետ զրույցում բնապահպան Շիրակ Բունիաթյանն ասաց, որ իրենց պահանջը կրկին օրակարգում է՝ պահապանների վագոն-տնակը վերադարձնել նախկին տեղը, որը տեղափոխել են «Լիդիան-Արմենիա» ընկերության պահնորդները:
Նշենք, որ հենց դրանից հետո՝ երեք օր առաջ սկսվեցին բողոքի ակցիաներ: Հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու, իրենք ակցիանե՞ր են անելու, Կառավարությունը ոչինչ չի՞ անելու և ո՞րն է իրենց հաջորդ քայլը, Բունիաթյանն ասաց՝ վերջը լավ է լինելու և վստահություն հայտնեց, որ կառավարությունն ի վերջո արձագանքելու է, իսկ իրենց գործողությունները շարունակվելու են:
Ամուլսարում արդեն երրրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուսր էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթի է դարձել: Ցուցարարները նշում էին , որ վագոն-տնակը պետք է վերադարձվի իր նախկին տեղը, սակայն դա երկու օր է նրանց չհաջողվեց: Նախօերին տասը անձ է բերման ենթարկվել ու ազատ արձակվել, երեկ՝ յոթ ցուցարար, եղել են նաև բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև:
Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը երկու օր է հորդորում է հարցը քննարկել կառավարության հետ, սակայն չեն համաձայնում, և նշում են, որ վագոն-տնակի հետ կապված պահանջը կարճաժամկետ պահանջ է, իրենց հիմնական պահանջը հանքը չշահագործելն է:










