Պարզվել է, որ Ամուլսարի պահապանների վագոն-տնակը գտնվում է ոչ թե համայնքի, այլ «Լիդիան Արմենիա»-ի վարձակալած տարածքում, հիմա պարզում են վարձակալության իրավունքը. Ջերմուկի համայնքապետ (տեսանյութ)
Կառավարությունը տեղյակ է խնդրին, բնականաբար, պայմանավորվել ենք Ամուլսարի պահապանների հետ, որ երկու կողմից էլ վագոն-տնակները պետք է հանվեն և ճանապարհը միանշանակ չպետք է փակվի: Սա քննարկվում է, իրավաբաններն էլ բանակցում են, լրացուցիչ պարզաբանումներ կտրվեն ավելի ուշ: Այս մասին Ամուլսարի 2-րդ պահակակետում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովաննիսյանը:
«Երկու կողմի իրավաբաններն աշխատում են, կարծում եմ, մենք կգտնենք ճանապարհը վագոն-տնակների հարցը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ակտիվիստների տնակները թույլատրելո՞ւ են, որ մնա, Ջերմուկի քաղաքապետն ասաց՝ ո՞նց կարող են մնալ, եթե հողը զավթվում է. «Այլ խաղաղ միջոցներով կարող են իրենց ցույցներն անել, երեք հենակետերում էլ վագոն-տնակների հարցը պետք է լուծվի»:
Հարցին, թե խոսել է այդ մասին ջերմուկցիների հետ, քաղաքապետը դրական պատասխան տվեց: Մեկ այլ հարցի, թե ինչու պետք է ջերմուկցիները համայնքապատկան տարածքից վագոն-տնակները հանեն, Վարդան Հովհաննիսյանն ասաց. «Դա համայնքապատկան տարածքում չի եղել: Չորս ձևի ստուգում ենք արել և ունեք փաստաթուղթ, որ այդ հողը «Լիդիան»-ի կողմից վարձակալած է: Հիմա իրավաբանները զբաղվում են այդ հարցով, որ հասկանանք, թե իրավունք ունեցե՞լ են այդ հողը վարձակալելու, թե ոչ»:
Ինչ վերաբերում է ճանապարհը փակելուն, Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ դժբախտ դեպք է գրանցվել և պետք է խնդրի, որ ճանապարհը բացեն:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները երեք օր առաջ, ըստ իրենց, իրենց տարածքից հանել են Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի ակցիայի առիթ է տվել և երեք օր է`ակցիան շարունակվում է: Քաղաքապետից հետո լրագրողների հետ զրույցում ակցիային մասնակից ջերմուկցիներից մեկն ասաց, որ իրենց վագոն-տնակները հեռացնելու մասին տեղեկություն չունեն:










