Ցավում եմ, բայց իմ կարգավիճակից ելնելով՝ չեմ կարող կարծիք հայտնել Ամուլսարի հանքի շահագործման մասին. Աննա Հակոբյան

20:44 • 06.08.20

Ցավում եմ, բայց իմ կարգավիճակից ելնելով՝ չեմ կարող կարծիք հայտնել Ամուլսարի հանքի շահագործման մասին։ Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե Աննա Հակոբյանը դե՞մ է, թե կողմ հանքի շահագործմանը և խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտությանը, քաղաքացիներին բերման ենթարկելուն։

«Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել այս պահին՝ իմ կարգավիճակից ելնելով: Ես հենց նոր լսեցի, որ բերման են ենթարկվել, բայց այսօրվա պարագայում, եթե չեմ սխալվում, երկրում արտակարգ դրություն է, որը հավաքներ, ցույցեր կազմակերպելու հետ կապված սահմանափակումներ է ենթադրում»:

Դիտարկմանը, թե արտակարգ դրությունը դիտմամբ է երկարաձգվում, որպեսզի լռեցվի հասարակության ձայնը, Հակոբյանը արձագանքեց՝ այդպիսի բան հնարավոր չէ, ուղղակի բացառվում է նման սցենարը և հանքի շահագործման դեմ պայքարողների ձայնը լռեցնելու խնդիր չկա ու պետք չէ արտակարգ դրության երկարաձգումը կապել որևէ իրադարձության հետ:

«Մենք բոլորս այդ 6 ամիս ապրեցինք և բոլորս բախվեցին համավարակի խնդրի հետ: Բոլորս տեսանք, թե ինչեր տեղի ունեցան մեր երկրում, ինչքան կյանքեր խլեց այդ համավարակը և Կառավարության գործողություններն արդեն տալիս են իրենց արդյունքերը: Եվ այն խոսակցությունը, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է այս կամ այն իրադարձություններով, կարծում եմ՝ հիմնազուրկ է»,- նկատեց նա և հավելեց, որ այսօրվա իշխանությունը խնդիր չունի որևէ խոսք և պայքար ճնշելու:

«Ուղիղ հակառակը՝ Հայաստանում քաղաքացիները ազատ են, քան երբևէ և պետք չէ դրա տակ որևէ բան փնտրել»,- ասաց նա և վերադառնալով Ամուլսարի խնդրին՝ տեղեկացրեց, որ հետևել է Ամուլսարում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն այդպես էլ չի հասկացել, թե ինչու է հերթական բռնկումն սկսվել, եթե անցյալ տարվա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից բան չի փոխվել այն մասով, որ հանքի շահագործման գործընթացը կասեցվել է և որոշակի գործընթացների համար պետք է սպասել:

«Եթե բուն գործընթացը կանգնած է, ապա ի՞նչ կարիք կար այս ամենն առաջացնելու»,- շեշտեց նա և հավելեց, որ յուրաքանչյուր ակցիա պետք է բխեր այս հարցից և օրինակ՝ տնակների տեղաշարժը հիմնական պատճառ չէր: