Մուամմար Քադաֆիի հարազատները պահանջել են իրենց վերադարձնել նախկին առաջնորդի մարմինը

17:54 • 06.08.20

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի զարմիկ Ահմեդ Քադաֆ ադ Դամը երկրի Ազգային համաձայնության կառավարությունից պահանջել է իր եղբոր մարմինը հարազատներին վերադարձնել, հայտնում է lenta.ru կայքը։

Ադ-Դամը կարծում է, որ Քադաֆիի կողմնակիցների մարմինները նույնպես պետք է վերադարձվեն իրենց հարազատներին, իսկ նախկին առաջնորդի համախոհներին պետք է թույլ տան երկիր վերադառնալ։ Նա ընդգծել է, որ հազարավոր մարդիկ ստիպված են արտասահմանում ապրել, քանի որ իրենց տանն ապրելու թույլտվություն չունեն։

«Պետք է նաև անհապաղ ազատ արձակել բոլոր լիբիացի գերիներին, որոնք արդեն ավելի քան 9 տարի բանտերում են»,-հավելել է նա։

Նշվում է, որ Քադաֆիի այս զարմիկը «Լիբիայում ազգային պայքարի ճակատ»-ի ղեկավարն է, որի ակտիվիստների մեծ մասը նախկին առաջնորդի կողմնակիցներն են եղել և 2011 թվականին ռեժիմի տապալումից հետո գաղթել են։ Նրանցից շատերն այժմ Ազգային համաձայնության կառավարության դեմ են հանդես գալիս, նրանց մի մասը ծառայում է Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակում։

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ: