Լոս Անջելեսի քաղաքապետը կարգադրել է անջատել արգելված խնջույքներ կազմակերպած բնակիչների տան ջուրն ու էլեկտրաէներգիան
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում այժմ արգելված խնջույքներ կազմակերպած բնակիչների տան ջուրն ու էլեկտրաէներգիան կանջատվի, հայտնում է latimes.com-ը։
Քաղաքապետը պարզաբանել է, որ այս կերպ նրանք փորձում են քաղաքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարել։
«Այն դեպքում, երբ մենք փակել ենք բոլոր բարերն ու գիշերային ակումբները, այդ տնային զանգվածային խնջույքները փաստացի վերածվել են գիշերային ակումբների: Սրա հետ կապված՝ ես թույլ եմ տալիս անջատել այն տների, կազմակերպությունների և այլ հարթակների ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, որտեղ արգելված խնջույքներ կանցկացվեն»,- նշել է Գարսեթին մամուլի ասուլիսի ժամանակ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Լոս Անջելեսի շրջանում հաստատվել է ավելի քան 197 000 վարակման դեպք, որից 4 825-ը՝ մահվան ելքով։ Կալիֆոռնիա նահանգը, որտեղ գտնվում է Լոս Անջելեսը, վարակակիրների թվով ԱՄՆ-ում առաջին տեղում է գտնվում։










