Մակրոնն այցելել է Բեյրութ և վստահեցրել լիբանանցիներին, որ օգնությունը կհասնի ժողովրդին և չի հայտնվի «կոռումպացված ձեռքերում» (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ:
Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ֆրանսիացի առաջնորդին այցի առթիվ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն»: Լիբանանցիները երկրի քաղաքական ղեկավարությանը մեղադրում են երկիրն աղետի հասցնելու մեջ:
«Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը:
Նա խոստացել է ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան, մինչդեռ նրան շրջապատող բազմությունը շարունակ վանկարկում էր. «Հեղափոխություն, ժողովուրդն ուզում է ռեժիմի տապալում»:
«Քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է: Այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա»,- հայտարարել է Մակրոնը:
«Հուսով ենք, որ օգնությունը կհասնի լիբանանցի ժողովրդին և ոչ թե կոռումպացված առաջնորդներին»,- ի պատասխան՝ նշել է լիբանանցիներից մեկը:
«Երաշխավորում եմ դա. օգնությունը չի հայտնվի կոռումպացված ձեռքերում: Ես կխոսեմ քաղաքական ղեկավարության հետ, ես այստեղ եմ, որ նրանց նոր քաղաքական պայմանագիր առաջարկեմ»,- վստահեցրել է ֆրանսիացի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել օգոստոսի 4-ին, որի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, հազարավոր մարդիկ վիրավոր են, տասնյակ հազարավորները զրկվել են տանիքից:
Macron mobbed in Beirut. Down with the regime, locals chanted, and called for Revolution while declaiming Lebanon's President Aoun. pic.twitter.com/4ntkZToUFj
— Quentin Sommerville (@sommervilletv) August 6, 2020










