Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկու փոխոստիկանապետերի՝ այդ թվում Հայկ Մհրյանի ազատման մասին հայտնի էր դարձել երեկ։
Ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկն արել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ դեռ երկու ամիս առաջ: Պատճառն այն է, որ ըստ ոստիկանապետի՝ Հայկ Մհրյանը համակարգին չի տիրապետում:
Tert.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մհրյանն աշխատանքի կանցնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում։










