Կառավարության շենքի առջևից բերման ենթարկվածների մեջ եղել են իրավապաշտպաններ, որոնք տեղում էին՝ ակցիայի մասնակիցների շահերի պաշտպանության համար․ «Իմ քայլ»-ի պատգամավոր

00:01 • 07.08.20

Ոստիկանության գործողությունները պետք է միտված լինեն հասարակական կարգի ապահովմանը եւ լինեն համաչափ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Սակայն, այսօր Կառավարության շենքի առջև տեղի ունեցածը մի քանի դրվագով խնդրահարույց ու անպարզ է մնում ինձ համար։ Իմ ունեցած տեղեկություններով՝ բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի քաղաքացի՝ բողոքի ակցիայի մասնակից։ Ցավոք, բերման ենթարկվածների մեջ եղել են նաև պատահական այնտեղ հայտնված մարդիկ, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք տեղում էին ակցիայի մասնակիցների շահերի պաշտպանության համար։ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը հուսամ լույս կսփռի ու եղելությունը կհասկանանք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ընդդեմ Ամուլսարի շահագործման Կառավարության դիմաց հավաքվել էին քաղաքացիներ և իրավապաշտպաններ: Սակայն ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին: Նրանք նշում էին, որ միմյանցից կանգնել են 2 մ հեռավորության վրա, սակայն ոստիկանությունը պահանջեց հավաքը դադարեցնել: