Այս պահին պլանավորված ոչինչ չունենք, ժողովուրդն ինքնաբուխ կերպով ինչ պահանջ առաջ կքաշի, ըստ այդմ էլ բոլորս միահամուռ կերպով կորոշենք մեր հետագա անելիքները. Շիրակ Բունիաթյան

18:50 • 07.08.20

Կարելի է ասել մեր առաջին պահանջը վագոն-տնակների հետ կապված մասնակի կատարված է, ինչու մասնակի, որովհետև գիտենք հարուցված է քրեական գործ, ժամանակին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ այս տարածքները տրվել է  վարձակալության, վստահ ենք, որ քրեական գործը խելամիտ ժամկետներում ավարտվելուց հետո, այս վագոն տնակները 30-50 մետր էլ տեղափոխվելու են: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ամուլսարից ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ պատասխանելով հարցին՝ վագոն-տնակների տեղափոխման իրենց պահանջը կատարվել է, արդյոք դրանից բավարարված են:

Նա նշեց, որ իրենք դեմ չեն, որ իրենց վագոն-տնակն էլ տեղափոխվի:

Հարցին՝ ի՞նչ են նախատեսում հետագայում, նա նշեց, որ իր կարծիքով կառավարության կողմից «ստարտ» եղել է՝ Ամուլսարի հարցը արագ կարգավորելու: «Ես վստահ եմ ուղղակի, որովհետև անտրամաբանական կլինի, երբ քո երկրի կենտրոնում օրեր շարունակ ճանապարհները փակվում են, իսկ դու մտածես այս փոքրիկ պահանջը կկատարվի, կանցնի կգնա: Վստահ եմ, որ ստարտը տրված է»,- ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշեց, որ  այսօր մեծ հիմք կա, որ պատկան մարմինները վերանայեն այս պահնորդկան ծառայության հետ կապված որոշումները: Նրա խոսքով՝ երբ կոնկրետ աշխատանք կատարող պահնորդական ծառայությունն իր լիազորությունները ճիշտ չի գնահատում, և երբ  նրա աշխատակիցը հրում է ոստիկանին, դա կարելի է որակել ինքնիրավչություն, «կարծում եմ իրավական գնահատական կլինի, որն էլ հիմք կհանդիսանա ժողովրդի երկրորդ պահանջին»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս պահին պլանավորած ակցիաներ չունեն: «Այս պահին պլանավորված ոչինչ չունենք, ժողովուրդն ինքնաբուխ կերպով ինչ պ,ահանջ առաջ կքաշի, ըստ այդմ էլ բոլորս միահամուռ կերպով կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց նա:

«Ես անձամբ գիտեմ շատ մարդիկ, որոնք պատրաստվում են ներդրումներ անել Ջերմուկում, բայց քանի որ քաղաքի ճակատագիրը անհայտ է, իրենք խուսափում են այդ ներդրումը կատարելուց, որովհետև պետք է տուրիզմի ոլորտում կատարեն ներդրումը, իսկ եթե այստեղ մետաղական բաց հանք լինի, անիմաստ կդառնա այդ ներդրումը»,- նշեց նա:

Բունիաթյանը նաև նշեց, որ չի կարծում, թե «Լիդիանը»  պետության կողմից իրականացված գործողությունից հետո նորից վագոն-տնակները հետ  կբերի: