Ֆրանսիայում 5 մարդու պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է, պատանդներն` ազատ արձակվել

03:57 • 07.08.20

Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են Հավր քաղաքի կենտրոնական բանկում 5 մարդու պատանդ վերցրած տղամարդուն, բոլոր 5 աշխատակիցներն ազատության մեջ են:

Ինչպես հաղորդում է France24-ը, տղամարդու ձերբակալման գործողությունը 6 ժամ է տևել: Վերջինն ինքնակամ, դատարակ ձեռքերով դուրս է եկել բանկից՝ թիկունքին կանաչ դրոշ ծածանելով, և հանձնվել ոստիկաններին: Նրա ձեռքին ատրճանակ է եղել:

Քաղաքային դատախազ Ֆրանսուա Հոսսլենը հայտարարել է, որ տղամարդու նկատմամբ զինված կողոպուտի և պատանդառության հատկանիշներով քրեական հետապնդում է սկսվել:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ ձերբակալված տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Որոշ այլ տեղեկությունների համաձայն՝ նա իսլամիստական շրջանակների հետ է առնչվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա տղամարդն ընդգրկված է ազգային անվտանգության սպառնացող անձանց ցանկում: