Սահմանները շարունակում են փակ մնալ, իսկ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին Կառավարության կողմից խոստացված աշխատանքները ուշանում են (տեսանյութ)
Քաղաքացի Վարդան Հունանյանը փետրվարին ընտանիքով Ռուսաստանից ժամանեց Հայաստան՝ արձակուրդը ծննդավայր Չկալովկայում անցկացնելու համար, սակայն արդեն 5 ամիս է՝ չի կարողանում վերադառնալ. ՌԴ-ում աշխատանքը սպասում է, բայց սահմանները փակ են ու հայտնի չէ՝ երբ կբացվեն. Վարդան Հունանյանը նշում է՝ այստեղ դարձել է գործազուրկ․
«Մնացել ենք առանց աշխատանքի, առանց դրսից օգնության գոյատևում ենք, տեսնենք, թե ինչ կլինի, փետրվարի 29-ին վերադարձանք հայրենիք, ընտանիքով եկանք արձակուրդը Հայաստանում անցկացնելու ու չենք կարողանում գնալ, չորս ամիս է՝ չենք կարողանում հետ գնանք մեր աշխատանքին»։
Վարդան Հունանյանն ասում է, որ օրվա ապրուստը դեռ կարողանում են հոգալ. սև օրվա մասին մտածել էին, բայց դա էլ անսպառ չէ, ասում է՝ Կառավարության կողմից օգնություն էլ չեն ստացել․ «Օգնություն բացարձակապես չի եղել, մենք մեր ոսկեղենը տարել ենք բանկ, դրա դիմաց գումար ենք վերցրել, որ ապրենք՝ մինչև որ սահմանները բացվեն, գնանք։ Հիմնականում տանն եմ լինում՝ հողագործությամբ եմ զբաղվում, գյուղի գործ եմ անում»։
Վարդան Հունանյանի ճակատագիրը Հայաստանում կիսում են հազարավոր մարդիկ՝ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը դեռ արտակարգ դրությունը սահմանելու սկզբում հայտարարել էր, որ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները հայրենիքում կապահովվեն աշխատանքով․
Իսկ մարզպետարաններ կատարած մեր հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ մարզպետարանների կողմից արված աշխատանքի հայտարարություններին արձագանքել են շատերը, բայց քչերն են ներգրավվել։
Այսպիսով՝
Գեղարքունիքի մարզում այդ հայտարարությանն արձագանքել է արտագնա աշխատանքի չմեկնած 3637 մարդ, որից 75–ը մարզպետարանի կողմից ուղղորդվել են Արցախ՝ շինարարական աշխատանքներում ընդգրկվելու նպատակով։
Իսկ Շիրակի մարզում արտագնա աշխատանքների չմեկնած 2700 մարդ է գրանցվել, սակայն չկա տեղեկություն այն մասին, թե քանիսն են աշխատանք գտել։
Լոռու մարզում էլ արտագնա աշխատանքների չմեկնածների դիմումների թիվը հասնում է 1496–ի, որոնցից աշխատանք է գտել ընդամենը 150 մարդ։
Արմավիրի մարզից էլ տեղեկացնում են, որ աշխատանքի հայտարարությանն արձագանքնել են 431 քաղաքացի, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել տարբեր շինարարական աշխատանքներ, սակայն թե քանիսն են աշխատանք գտել, պարզ չէ։
Տավուշի մարզում հաշվառված արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների թիվը 416 է, նրանցից էլ ընդամենը 72-ն են շինարարական աշխատանքների մեջ ներգրավվել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը նշում է՝ նախարարությունը չունի հատուկ աշխատանքային ծրագիր արտագնա աշխատանքի չմեկնածների համար, տվյալներ էլ չունեն՝ քանի մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի․«Մենք չունենք հստակ վիճակագրական տվյալներ այն մասին, թե նրանց որ տոկոսն է այս տարի համաճարակով պայմանավորված՝ ստիպված եղել մնալ Հայաստանում և չի կարողացել երկրից դուրս գալ աշխատանքի, մենք որևէ հատուկ ծրագիր, որը ուղղված կլինի բացառապես իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքից զրկված քաղաքացիներին, չունենք»։
Թե ինչպես կդասավորվի արտագնա աշխատանքի չմեկնածների ճակատագիրը, դեռ պարզ չէ, սակայն նրանք խնդրում են՝ գոնե օգնել աշխատանք գտնելու հարցում, մնացածն իրենք էլ կհոգան:










