«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն մեզ պաշտպանելու համար». Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգը վերադարձել է դեպքի վայր և կիսվել ապրումներով (տեսանյութ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օրերս տեղի ունեցած հզոր պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգը վերադարձել է դեպքի վայր և կիսվել իր ապրումներով, գրում է Daily Mail պարբերականը։
ԱՄՆ-ում որպես բժիշկ աշխատող 29-ամյա Իսրաա Սեբլանին իր հարսանեկան արարողությանը պատրաստվել է երկու շաբաթ, սակայն պատահարից հետո միակ բանը, որ կարող է անել, ողջ մնալու համար Աստծուն շնորհակալություն հայտնելն է։
«Ցանկացած աղջկա նման շատ երջանիկ էի, որ ամուսնանում եմ։ Մտածում էի՝ ծնողներս շատ երջանիկ կլինեն ինձ սպիտակ զգեստով տեսնելու համար»,- պատմել է նա լրագրողներին և նշել, որ կատարվածից հետո փոքր-ինչ ուշքի գալուց հետո նա ամուսնու հետ որոշել է այնուամենայնիվ շարունակել արարողությունը։
«Ես այդ պահը չէի ապրում, պարզապես քայլում էի, ժպտում, շուրթերս էին ժպտում, այդքանը, ոչ մի ավել բան»,-ասել է նա։
Նշվում է, որ Սեբլանին Բեյրութի բնակչուհի չէ․ նա գործարար ամուսնու հետ հարսանիքի համար երեք շաբաթ առաջ է քաղաք ժամանել, սակայն կատարվածից հետո, որքան էլ սիրի ադ քաղաքը, չի կարող այդտեղ ապրել։
«Շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, թե ինչ է պատահել այլ մարդկանց, Լիբանանի հետ․․․Շատ վնաս է եղել, շատ մարդիկ են վիրավորվել ու մահացել: Սակայն, երբ մեզ՝ ինձ, իմ ամուսնուն, լուսանկարչին եմ նայում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն մեզ պաշտպանելու համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ համացանցում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օրերս տեղի ունեցած պայթյունից տեսանյութ էր տարածվել, որում ամուսնական զույգն իր հարսանեկան արարողության համար ֆոտոսեսիա էր իրականացնում, երբ վրա է հասնում հզոր պայթյունը։
Կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունից անմիջապես հետո խառնաշփոթ առաջանում, զույգն արագ փորձում է հեռանալ դեպքի վայրից՝ չպատկերացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 149-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:










