Բեյրութում հզոր պայթյունի գործով ռուս գործարար է հարցաքննվել. նրան պատկանում էր պայթյունի պատճառ դարձած 2750 տոննա ամոնիումի նիտրատը

20:09 • 07.08.20

Ռուս գործարար Իգոր Գրեչուշկինը, որին պատկանած ահռելի քանակությամբ ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով Բեյրութում ավելի քան 150 մարդ է զոհվել, հարցաքննվել է Կիպրոսի ոստիկանության կողմից, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ գործարարը հարցաքննվել է  Լիբանանի իշխանությունների խնդրանքով, սակայն նրան դժվար թե որևէ մեղադրանք առաջադրվի:

Հայտնի է, որ 2750 տոննա ամոնիումի նիտրատը Գրեչուշկինին պատկանող Rhosus նավից առգրավվել էր 2014թ.: Ռումբերի պատրաստման համար օգտագործվող քիմիական նյութը վերջին վեց տարում պահվել է Բեյրութի նավահանգստի պահեստում, սակայն անվտանգության միջոցառումներն ըստ հավուր պատշաճի չեն պահպանվել:

Կիպրոսի ոստիկանության խոսնակի փոխանցմամբ՝ պայթունավտանգ նյութի պահպանման համար պատասխանատու էին Լիբանանի իշխանություններն ու Գրեչուշկինը որևէ հանցանքի համար չի կասկածվում: Նրա խոսքով՝ ռուս գործարարի հարցաքննությունը տևել է մի քանի ժամ: Հարցերն ուղարկել են Լիբանանի իշխանությունները, որոնք ցանկանում էին Գրեչուշկինից պատասխաններ ստանալ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գրեչուշկինի նավը, ամոնիումի նիտրատով բեռնված, 2013թ. սեպտեմբերին դուրս է եկել Վրաստանից՝ ուղղություն վերցնելով դեպի Մոզամբիկ: Սակայն  տեխնիկական խնդիրների պատճառով այն կանգ է առել Բեյրութի նավահանգստում, ինչից հետո լիբանանյան իշխանությունները նավին թույլ չեն տվել շարունակել ուղևորությունը՝ նշելով, որ դա ռիսկային է:

Գրեչուշկինն ի վիճակի չի եղել վճարել նավահանգստում մնալու դիմաց սահմանված վարձավճարը. նա իրեն սնանկ է հայտարարել ու լքել նավը՝ բեռով ու անձնակազմով հանդերձ: Նավապետն ու  անձնակազմի երեք անդամ ստիպված են եղել մոտ մեկ տարի մնալ նավի վրա, մինչև որ պարտքը վճարվել է: 

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Միջադեպի հետևանքով վերջին տվյալների համաձայն մահացել է 157 մարդ, որոնց թվում՝ 13 հայ: Վիրավորվել են 5000-ը, ավելի քան 300 000-ը՝ առանց տանիքի են մնացել: Նախնական տվյալներով՝ նավահանգստում պայթել է ամոնիումի նիտրատի պահեստը: