Ամուլսարի պահակակետում «Լիդիան»-ի ու Ամուլսարի պահապանների տնակները հեռացվեցին, ակցիան ավարտվեց (տեսանյութ)
18։04
Վագոն-տնակներն արդեն գտնվում են «Լիդիանի» սեփականաշնորհված տարածքում
«Վագոն-տնակները տեղափոխվել են: Համայնքապետարանը ժամանակ տվեց և Ոստիկանությունը աջակցեց տնակները տեղափոխելու հարցում: Հիմա տնակներն արդեն գտնվում են «Լիդիանի» սեփականաշնորհված տարածքում: Մենք մեր գործառույթները շարունակելու ենք, ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:
Նրա փոխանցմամբ՝ ամեն ինչ հաշվարկված է և տեղի է ունենալու օրենքի շրջանակներում: Հարցին, թե Ոստիկանությունը հսկողություն սահմանելո՞ւ է, որ կողմերը կրկին չբախվեն և կրկին տեղափոխումներ չլինեն, Ազիզյանը պատասխանեց՝ ամենօրյա ծառայություն ունեն և ապահովելու են հասարակական կարգը:
17։09
«Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակը վերամբարձ կռունկով տեղափոխեցին բեռնատար մեքենա, որպեսզի հեռացվի տարածքից:
Նշենք, որ ոստիկանական պատը թույլ չտվեց․ որ «Լիդիան»-ի պահնորդական խումբը միջամտի գործողություններին:
Հավաքված ջերմուկցիները, բնապահպաններն ու Ամուլսարի պահապանները վանկարկում են՝ «Ամուլսար, միայն սար»:
16:47
Ոստիկանական պատ է կազմվում տարածքում, որպեսզի քաղաքացիները չխոչընդոտեն «Լիդիան»-ի վագոն-տնակի տեղափոխմանը: Համայնքի ղեկավարի օգնական Հայկ Դավթյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ տարածքում տեղադրված տնակները չեզոք գոտի են և առանց քաղաքապետի թույլտվության չէր կարող ինչ-որ բան տեղադրել:
«Որտեղ, որ իրենց սեփական տարածքն է, այդտեղ է տեղադրվելու, հիմա որոշում են, թե որտեղ են տեղափոխեն, մի քանի մետր այն կողմ է»,- ասաց նա և հավելեց, որ խնդիրը առաջացել է սխալ չափագրումից:
Նրա փոխանցմամբ՝ «Լիդիան»-ը խախտման համար չի տուգանվելու:
11:58
Ամուլսարում կրկին բողոքի ակցիա է, որը մեկնարկել էր չորս օր առաջ, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում երեկ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճշտել են, նամակ են գրել, և պարզվել է, որ «Լիդիան Արմենիա»-ն սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, սխալ կետում են տեղադրել, ասել են, որ վաղը կգան և կուղղեն սխալը:
Սակայն, ակցիայի ավարտից հետո, որտեղ պայմանավորվեցին, այլ տեղ տեղափոխել վագոն-տնակը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ ասվում էր. «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները: Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ: «Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»:
Դրան հաջորդեց «Ամուլսարի» նախաձեռնության պատասխանը, որտեղ ասվում էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն արհամարհում է Ջերմուկի քաղաքապետին: «« Լիդիան»-ը, մեղմ ասած, արհամարհում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։ Այս հարցը արդեն դառնում է փորձաքար, որի արդյունքում պարզվելու է ունե՞նք ուժեղ հարց լուծող կառավարություն, թե՝ ոչ։ Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի, մեղմ ասած, թքած ունենալ իր վրա, թե վերջնական կլուծի այս հարցը ինչպես խոստացավ իր համայնքին ու ժողովրդին»:
Այս պահին ընթանում է ակցիան, ցուցարարները պահանջում են կատարել խոստումն ու տանել վագոն-տնակը:










