Ադանայի դատախազության հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր կուսակցության երիտասարդական կառույցի 13 անդամ (լուսանկարներ)

12:07 • 07.08.20

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանայի գլխավոր դատախազության հատուկ գործողության շրջանակում, օգոստոսի 7-ի վաղ առավոտյան ոստիկանությունը խուզարկություն է կատարել քաղաքի մի շարք տներում, որտեղ ապրում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական կառույցի անդամները: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:

Նշվում է, որ ոստիկանները խուզարկության ժամանակ կոտրել են տների դռները, իրերը նետել են գետնին:

Խուզարկությունից հետո ձերբակալվել է 13 երիտասարդ կուսակցական, այդ թվում՝ երկրի երիտասարդական խորհրդարանի անդամ Ֆերհաթ Քալքանը: Նշվում է, որ նա նաև ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:

Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ ձերբակալված երիտասարդներին կասկածում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) երիտասարդական կառույցի անդամ լինելու և իրենց հայացքներն ու գործունեությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անդամակցելու միջոցով քողարկելու համար: TRT-ն տեղեկացնում է նաև, որ խուզարկության ժամանակ տներում հայտնաբերվել է 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, երկու հրացան, մեկ դատարկ ատրճանակ և 50 փամփուշտ:

Adanada PKK/KCK operasyonu: 13 gözaltı