ԱՄՆ-ում հանցագործը բանտից ազատվելուց հետո սպանել է իր դեմ մեղադրանք ներկայացրած կնոջը
ԱՄՆ բնակիչ Իբրահիմ Բուաիչին, որը կորոնավիրուսային համավարակի պատճառով ժամանակից շուտ է ազատվել բանտից, ազատության մեջ հայտնվելուց հետո սպանել է իրեն բռնաբարության համար մեղադրած կնոջը, հայտնում է The Washington Post-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ համավարակի պայմաններում նրա պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Բուաիչիին 25 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակելու համար: Եվ չնայած, որ դատախազը դեմ է եղել, այնուհանդերձ՝ տղամարդուն գրավի դիմաց ազատ են արձակել:
Նրա ազատ արձակումը տեղի է ունեցել ապրիլի վերջին, մինչդեռ հուլիսի 29-ին հայտնաբերվել է Բուաիչիին բռնաբարության համար մեղադրած վենեսուելացի կնոջ՝ Կառլա Էլիզաբեթ Դոմինգես Գոնսալեսի դին: Հայտնի է, որ վերջինս նախորդ տարվա դեկտեմբերին Բուաիչիի դեմ մեղադրանք էր ներկայացրել՝ հայտարարելով, որ տղամարդը հարձակվել էր իր վրա, առևանգել, փորձել խեղդել, ապա բռնաբարել:
Նշվում է, որ կնոջ սպանությունից հետո ոստիկանությունը Բուաիչիի նկատմամբ հետախուզում է հայտարարել, սակայն հանցագործը նախքան ձերբակալումն ինքնասպան է եղել:










