Բեյրութում զինվորականները ստիպել են նախագահի և վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին հեռանալ ԱԳՆ շենքից  

23:58 • 08.08.20

 

Լիբանացի զինվորականները, որոնք շրջապատել էին երկրի ԱԳՆ շենքը, ստիպել են շենքը գրաված ցուցարաններին հեռանալ գերատեսչության տարածքից: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինվորականները մտել են շենք և դուրս բերել բոլորին այնտեղից:

Ցուցարարները, որոնց առաջնորդում են բանակի՝ թոշակի անցած սպաները, գրոհել էին նախարարության շենքն ու այն հռչակել «իրենց հեղափոխության կենտրոնակայան», սակայն երեք ժամ անց նրանց դուրս են մղել տարածքից:  

Ավելի վաղ ցուցարարները հայտնել էին իրենց պահանջը՝ նշելով, որ ցանկանում են երկրի նախագահ Միշել Աունի, վարչապետ Հասան Դիաբի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հրաժարականները:

«Լիբանանում իշխում է մաֆիան և շիաների «Հեզբոլլահ» կուսակցությունը: Լիբանանցի ժողովուրդը պահանջում է արտահերթ ընտրությունների և դատավարության անցկացում կոռումպացված անձանց և նրանց նկատմամբ, որոնք մեղավոր են օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար»,- ասել է ակտիվիստներից մեկը:

Հիշեցնենք, որ շաբաթ մեկնարկած բազմահազարանոց ցույցի ընթացքում լիբանանցիները 4 նախարարության շենք էին ներխուժել: