Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Իսպանիան լքած նախկին թագավոր Խուան Կառլոսը հաստատվել է Աբու Դաբիում՝ աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում. իսպանական մամուլ
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Իսպանիան լքած նախկին թագավոր Խուան Կառլոս Առաջինը մեկնել է Աբու Դաբի, որտեղ բնակվում է աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, գրում է swissinfo.ch-ը՝ իսպանական մամուլին հղումով:
Մամուլը վստահեցնում է, որ դեռ երկուշաբթի նա Աբու Դաբի է մեկնել իսպանական Վիգո քաղաքից՝ հատուկ վարձակալած ոչ մեծ ինքնաթիռով: Ժամանելով Աբու Դաբի՝ Խուան Կառլոս Առաջինը հաստատվել է Emirates Palace շքեղ հյուրանոցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը հորից՝ նախկին թագավոր Խուան Կառլոսից, օրերս գրավոր ծանուցում է ստացել իր շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի հետևանքով երկիրը լքելու որոշման վերաբերյալ:
«Քեզ եմ հայտնում այս պահին Իսպանիան լքելու որոշմանս մասին»,- ասվում է ուղերձում։
Ֆիլիպ 6-րդը շնորհակալություն է հայտնել հորը և նշել, թե ինչ պատմական կարևորություն են ունեցել նրա կառավարման տարիները երկրի համար։
Շվեյցարիայում և Իսպանիայում այժմ հետաքննություն է ընթանում Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի հնարավոր արտասահմանյան հաշիվների հետ կապված։
Հայտնի է, որ լրատվամիջոցների մոտ են հայտնվել Խուան Կառլոս 1-ի նախկին սիրուհի, ձեռնարակատեր Կորիննա Լարսենի և ոստիկանական նախկին տեսուչ Խոսե Մանուել Վիլյարեխոյի խոսակցության աուդիոձայնագրությունները, որոնցում Լարսենը պնդում է, որ Խուան Կառլոսն իրեն օգտագործել է իր արտասահմանյան ունեցվածքը թաքցնելու համար։ Նա նաև հայտարարել է Շվեյցարիայում նախկին թագավորի՝ զարմիկի անունով գրանցված հաշիվների գոյության մասին։










