Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 3 օր անց փրկարարները մարդկանց են գտնում և դուրս բերում փլատակների տակից

23:12 • 08.08.20

Լիբանանցի զինվորականները ողջ մնացած կնոջ են գտել, որը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունից հետո երեք օր անցկացրել է փլատակների տակ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, թուլացած կնոջ փրկության կադրերը սոցցանցում հայտնվել էին ուրբաթ: Նշվում է, որ դրանից մի քանի ժամ առաջ բնակելի տան փլատակների տակից տղա երեխայի են դուրս բերել: Եվս մեկ պատմություն է պսակվել հաջողությամբ. ծովից մի պատանու էին փրկել, որը պայթյունից հետո ջրում 24 ժամ էր անցկացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաջողվել էր գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին, որը պայթյունից հետո հայտնվել էր ծովում և 30 ժամ մնացել այնտեղ:

Մահացածների մարմինները նույնպես հայտնաբերվում են ափից կիլոմետրեր հեռավորությամբ: Դեռևս տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Նրանց հարազատները լուսանկարներ են հրապարակում սոցցանցերում՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կարող է տեսած լինեն նրանց: Նշվում է, որ տեղի ընտանիքներից մեկը որոնում է իրենց որդուն, որը հասցրել է զանգահարել հորեղբորն ու հայտնել, որ փլատակների տակ է մնացել, դրանից վայրկյաններ անց կապն ընդհատվել է:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թվում կան սիրիացիներ, ավստրալացիներ, ֆիլիպինցիներ, բանգլադեշցիներ, պակիստանցիներ, Նիդերլանդների դեսպանի կինը, Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհին, բելգիացիներ, ինչպես նաև Լիբանանի տարբեր շրջաններում բնակվող 13 հայեր:

Մահացածներից 19-ի ինքնությունը դեռևս չի պարզվել: Վերջին տվյալներով՝ մահացել է 158 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6000-ը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ տեղի ժամանակով 18:10-ի սահմանում: