Բեյրութում բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի. ուժայինները նախարարություններից ամբողջությամբ դուրս են բերել այդտեղ ներխուժած ցուցարարներին (տեսանյութ)

20:30 • 08.08.20

04:53

Լիբանանի ուժայիններից մի քանի ժամ է պահանջվել մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը հազարավոր ցուցարարներից ազատելու համար:

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ կեսգիշերին մոտ իրավապահներին և զինվորականներին հաջողվել է կենտրոնական Պլաս դե Մարտիր հրապարակն ամբողջությամբ վերահսկողության տակ առնել: Լիբանանի բանակի ստորաբաժանումների և իրավապահների համատեղ ջանքերով հաջողվել է արտաքին գործերի, էկոնոմիկյի, էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների շենքերից հեռացնել այդտեղ ներխուժած ցուցարարներին:

Չնայած ներկա պահին տիրող հարաբերական կայունությանը, հակակառավարական ցույցերի վերսկսման և նոր բախումների հավանականությունը պահպանվում է:

09.08.20

02:47

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է լիբանանյան Al-Manar հեռուստաալիքը:

Ավելի վաղ արաբական տարբեր լրատվամիջոցներ հայտնում էին 238 վիրավորի մասին:

Lebanon 24-ի փոխանցմամբ՝ Բեյրութի կենտրոնական շրջաններում իրավիճակը համեմատաբար կայունացել է, չնայած փողոցներում դեռ հարյուրավոր ցուցարարներ կան:

Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են օրեր առաջ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի միջազգային հետաքննություն սկսել, որի հետևանքով զոհվել է 158 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6000-ը:

23:58

Լիբանացի զինվորականները, որոնք շրջապատել էին երկրի ԱԳՆ շենքը, ստիպել են շենքը գրաված ցուցարաններին հեռանալ գերատեսչության տարածքից: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինվորականները մտել են շենք և դուրս բերել բոլորին այնտեղից:

Ցուցարարները, որոնց առաջնորդում են բանակի՝ թոշակի անցած սպաները, գրոհել էին նախարարության շենքն ու այն հռչակել «իրենց հեղափոխության կենտրոնակայան», սակայն երեք ժամ անց նրանց դուրս են մղել տարածքից:  

Ավելի վաղ ցուցարարները հայտնել էին իրենց պահանջը՝ նշելով, որ ցանկանում են երկրի նախագահ Միշել Աունի, վարչապետ Հասան Դիաբի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հրաժարականները:

«Լիբանանում իշխում է մաֆիան և շիաների «Հեզբոլլահ» կուսակցությունը: Լիբանանցի ժողովուրդը պահանջում է արտահերթ ընտրությունների և դատավարության անցկացում կոռումպացված անձանց և նրանց նկատմամբ, որոնք մեղավոր են օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար»,- ասել է ակտիվիստներից մեկը:

23:00

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Բեյրութում հավաքված ցուցարարներին ուղերձում ճգնաժամից դուրս գալու ելք է անվանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

«Կառավարության հաջորդ նիստին կներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը», - ասել է երկրի վարչապետը:

Վերջինս հավելել է, որ պայթյունի պատճառների հետաքննությունը չի ավարտվի, քանի դեռ չեն բացահայտվի «բոլոր մեղավորները»:

22:33

Բեյրութում ցուցարարները գրոհում են Լիբանանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լիբանանցիները ներխուժել են էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ: Ցուցարարների հետևից ԱԳՆ շենք են մտել նաև զինվորականները:

Կառավարության հրաժարականն ու բարեփոխումների անցկացում պահանջող ցուցարարները շաբաթ հավաքվել էին մայրաքաղաքի Նահատակների հրապարակում, այնուհետև սկսել են գրոհել նախարարություններն ու այլ կառավարական շենքեր:

Հաղորդվում է, որ ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների և անկարգությունների հետևաքնքով տուժածների թիվը հասել է 230-ի:

Բացի այդ, հայտնի է, որ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության ուժերի մեկ աշխատակից է զոհվել:

 

 

 

21։20

Բեյրութում շաբաթ մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը, որի մոտ ոստիկաններ են հավաքվել և բանակցություններ են վարում ցուցարարների հետ:

Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», ցուցարարներն այրել են երկրի նախագահ Միշել Աունի նկարը և ԱԳՆ շենքը հայտարարել են իրենց կենտրոնակայան:

Լիբանանյան մայրաքաղաքի ողջ կենտրոնը շաբաթ վերածվել է հատուկ ուժայինների և ակտիվիստների միջև բախման ասպարեզի: Նշվում է, որ զանգվածային ցույցի կոչ է արել «Քաթայիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը: Հիշեցնենք, որ «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը ևս զոհվել էր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ շաբաթօրյա ցույցի ժամանակ 142 մարդ է տուժել, նրանցից 32-ին հսպիտալացրել են, մյուսներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:

20:30

Բեյրութում քիչ առաջ մեկնարկած բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրան»՝ վկայակոչելով Լիբանանի Կարմիր խաչին, 22 ցուցարար հոսպիտալացվել է, ևս 87-ին բուժօգնություն է ցույց տրվում Նահատակների հրապարակում:

Լիբանանյան բանակը դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով հարձակումներ չգործել հանրային և մասնավոր սեփականության վրա: «Բանակի հրամանատարությունն ըմբռնում է լիբանանցիների սրտում առկա ցավը և ցուցարարներին կոչ անում հավատարիմ մնալ իրենց բողոքն արտահայտելու խաղաղ միջոցներին և զերծ մնալ փողոցներ փակելուց և հանրային ու մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգություն անելուց»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ դուրս են եղել Բեյրութի փողոցներ, ինչպես նաև մայրաքաղաքի գլխավոր հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելով իշխանությունից:

Նրանք իրենց հետ խորհրդանշական օղակներ են բերել, որոնցից, իրենց պնդմամբ, պետք է կախվեն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են այս շաբաթ տեղի ունեցած պայթյունի համար:

Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը բռնկվել է և պատճառ դարձել օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունի համար, Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի:

Պայթյունի հետևանքով ավերվել է Բեյրութի շինությունների մեծ մասը, որոնց թվում նաև նավահանգստին մոտ բնակվող բազմաթիվ հայերի տներ: Ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի, ավելի քան 6000-ը վիրավորվել են, 158-ը՝ մահացել: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: