Ուկրաինացի լրագրողն առաջարկել է սպառնալիքի դեպքում Ռուսաստանի դեմ միջուկային մնացորդներով հրթիռներ արձակել

00:33 • 08.08.20

Ուկրաինան կարող է միջուկային մնացորդներով հրթիռային համալիրների ստեղծել Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից սպառնալիքի դեպքում կիրառելու համար: Այս մասին հայտնել է լրագրող Մաքսիմ Կուխարը UkrLife ալիքի եթերում:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ նա 4 տարբերակ է ներկայացրել, որոնց օգնությամբ, իր կարծիքով, Կիևը կարող է պաշտպանվել հակառակորդներից, «եթե պատերազմ սկսվի»:

Ինչպես պնդում է Կուխարը, այդ ժամանակ սպառազինության նկատմամբ հսկողությունը «կթուլանա», և Ուկրաինան կկարողանա շարքի բերել 500 հին, խորհրդային հրթիռներ, որոնք կհամալրվեն միջուկային մնացուկներով:

«Դա կլինի այն միջուկային հարվածող բռունցքը, որը կզսպի հակառակորդին մեզ վրա հետագա հարձակումներից կամ որևէ վտանգ կներկայացնի աշխարհաքաղաքական այլ համակցության դեպքում: Մենք հին, ատոմային հրթիռներ ստեղծելու տեխնոլոգիաներ ունենք: Մենք միջուկային մնացուկների սարեր ունենք»,- ասել է լրագրողը:

Իր խոսքով՝ նման սցենարի իրականացման շանսերն «օրեցօր աճում են»: