Բեյրութում հակակառավարական ցույցերը չեն դադարում. ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է լիբանանյան Al-Manar հեռուստաալիքը:
Ավելի վաղ արաբական տարբեր լրատվամիջոցներ հայտնում էին 238 վիրավորի մասին:
Lebanon 24-ի փոխանցմամբ՝ Բեյրութի կենտրոնական շրջաններում իրավիճակը համեմատաբար կայունացել է, չնայած փողոցներում դեռ հարյուրավոր ցուցարարներ կան:
Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են օրեր առաջ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի միջազգային հետաքննություն սկսել, որի հետևանքով զոհվել է 158 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6000-ը:
Կառավարության հրաժարականն ու բարեփոխումների անցկացում պահանջող ցուցարարները շաբաթ հավաքվել էին մայրաքաղաքի Նահատակների հրապարակում, այնուհետև սկսել գրոհել նախարարություններն ու այլ կառավարական շենքեր:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բացի այդ, ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության ուժերի մեկ աշխատակից է զոհվել:
Ցուցարարները նաև մի քանի նախարարություն են ներխուժել, ապա՝ դուրս բերվել ուժայինների կողմից:
Ավելի վաղ երկրի վարչապետը հանդես էր եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով:










