TikTok-ի սեփականատերերը մտադիր են դատի տալ Թրամփի աշխատակազմին

06:22 • 09.08.20

TikTok սոցիալական ցանցի սեփականատերերը մտադիր են դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահի աշխատակազմի դեմ՝ նախագահ Թրամփի կողմից սոցցանցի գործունեության դեմ պայքարի մասին ընդունված հրամանագրի պատճառով:

ТАСС-ի փոխանցմամբ՝ դատական հայցը ներկայացվելու է Կալիֆորնիա նահանգի Հարավային օկրուգի դատարան, որում Թրամփի գործողությունները բնորոշվում են որպես հակասահմանադրական, քանի որ TikTok-ին հնարավորություն չի տրվել իր հասցեին հնչեցված մեղադրանքներին պատասխանելու համար: Բացի այդ, սեփականատերերն անհիմն են համարում Սպիտակ տան այն հիմնավորումը, թե նման որոշում կայացվել է երկրի ազգային անվտանգության շահերից ելնելով:

«Սա հիմնված է սպեկուլյացիաների և շահարկումների վրա: Հրամանագիրը պարզապես կրկնում է Չինաստանի նկատմամբ որդեգրված հռետորաբանությունը»,- նշված է TikTok-ի սեփականատերերի հայտարարության մեջ:

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի դեմ պայքարի մասին հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում է ցանկացած գործարքի կնքումը TikTok-ի սեփականատեր հանդիսացող չինական ByteDance և նրա դուստր ընկերությունների հետ: