Սևրի պայմանագիրը՝ որպես մասնակիորեն գործադրված փաստաթուղթ, չի կորցրել իր արդիականությունը, Սևրաֆոբիան այսօր էլ արդիական է Թուրքիայում. Արմեն Մարուքյան (տեսանյութ)
Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության իրավական հիմքերից մեկն է, այս փաստաթուղթը Վիլսոնի իրավարար վճռի, նաև 2015 թվականի հունվարի 20-ին համազգայնորեն ընդունված համահայկական հռչակագրի հետ մեկտեղ կազմում են մեր պահանջատիրության պատմաիրավական կարևոր հենքերը: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
«Պահանջատիրության տեսանկյունից Սևրի պայմանագրի հոդվածների վերաբերյալ 4 հիմնական թյուր տեսակետներ են հայտնվում»,- նշեց նա և թվարկեց դրանք:
Առաջինը, ըստ նրա, այն է, որ Հայ պատմագիտական միտքը գերազանցապես անցած տարիների ընթացքում, հատկապես խորհրդահայ տարիներին, կենտրոնացվել է ՀՀ-ին անմիջականորեն վերաբերող 88-ից 93-րդ հոդվածների վրա, բացի այդ հոդվածներից, Սևրի պայմանագրում առկա են չափազանց կարևոր այլ հոդվածներ, որտեղ թեև ուղղակիորեն Հայաստան կամ հայ բառը չկա, բայց դրանք վերաբերում են Հայ ժողովրդի ցեղասպանության իրագործմամբ խախտված իրավունքների վերականգնմանը
Երկրորդ խնդիրը, նրա փոխանցմամբ Վիլսոնի իրավարար վճռի և Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի փոխհարաբերակցության հարցն է: «Որոշ թուրք մասնագետներ պնդում են, որ Վիլսոնի իրավարար վճիռն ուղղակիորեն բխում է Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածից, և եզրակացնում են, թե քանի որ Սևրի պայմանագիրը չի վավերացվել և օրինական ուժի մեջ չի մտել, հետևաբար՝ Վիլսոնի իրավարար վճիռը նույնպես որևէ իրավական ուժ չունի: Ցավոք սրտի, այս տեսակետը պաշտպանում են որոշ հայ հեղինակներ»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ երրորդ խնդիրը, որ խորհրդային պատմագրության մեջ անընդհատ շեշտվել է, Լոզանի պայմանագրով Սևրի պայմանագիրը փոխարինելու գաղափարն է, մինչդեռ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, դրանք միանգամայն տարբեր, իրարից անկախ փաստաթղթեր են:
Եվ վերջին խնդիրը, ըստ նրա՝ այն է, որ սխալմամբ նշվել է, որ Սևրի պայմանագիրը զուտ պատմական փաստաթուղթ է և որևէ առնչություն չունի արդիականության հետ:
Արմեն Մարուքյանն այնուհետև անդրադարձվ այս թեզերին և հերքեց դրանցից յուրաքանչյուրը:
«Երբ խոսում ենք Սևրի պայմանագրի մասին, ապա Հայաստանի Հանրապետությանը վերաբերող 88-90 հոդվածներում նախ Թուրքիան ճանաչում էր Հայաստանի ազատ և անկախ պետականությունը, ինչպես դա արդեն արել են դաշնակից պետությունները: Այսինքն՝ արձանագրվում էր, որ Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր պետությունները արդեն իսկ ճանաչել են ՀՀ-ն որպես ազատ և անկախ պետություն: 89-րդ հոդվածով Արևմտյան Հայաստանի երեք վիլայեթները՝ Էրզրումը նահանգի մեծ մասը, Վան, Բիթլիս նահանգների 2/3-ը և Տրապիզոնի 1/3 մասը նախատեսվում էր տալ Հայաստանին»,- ասաց նա:
Արմեն Մարուքյանի խոսքով՝ շատ ուշագրավ պահ կա այդ հոդվածի հետ, որովհետև 90-րդ հոդվածը լրացնում է 89-ի այդ դրույթը: «Այնտեղ նշված է, որ Թուրքիան հրաժարվում է Հայաստանին փոխանցվելիք տարածքների նկատմամբ իրավունքներից և իրավահիմունքներից և հաջորդ պարբերությամբ նշվում է, որ ՀՀ-ն պետք է ստանձնի նախկին Օսմանյան կայսրության պարտավորությունները, այդ տարածքների հետ կապված և հղում է կատարվում 241-244 հոդվածների վրա»,- նշեց նա:
Նա նկատեց, որ Տրապիզոնի մասով 89-րդ հոդվածին լրացնելու է գալիս 352-րդ հոդվածը, որտեղ «Հայաստան» բառն առկա է, այնտեղ նշված է, որ Տրապիզոնի նավահանգստի որոշակի տարածք, առհավետ պետք է տրամադրվի ՀՀ-ին, որ նա կարողանա իրացնել Սև Ծովից օգտվելու, կամ դեպի Սև ծով ելք ունենալու իր իրավունքը:
«Նշված է, որ պետք է խառը հանձնաժողով ստեղծվեր Թուրքիայի, Հայաստանի նաև Ազգերի լիգայի կողմից նշված ներկայացուցչից և այս հանձնաժողովը պետք է որոշեր այս հողատարածքի թե´ վարձակալման չափի խնդիրը, և´ թե շահագործման կարգը: Անգամ Տրապիզոնի նահանգից օգտվելու իրավունքի հարցը թուրքական պետությանը չէր թողնվում: Բացի Տրապիզոնի նավահանգիստ իրավունքներից կա նաև 351-րդ հոդվածը, որտեղ էլի Հայաստանի անունը նշվում է, որ ի թիվս Վրաստանի, Ադրբեջանի և Պարսկաստանի, Հայաստանը նույնպես Բաթումի ազատ նավահանգստից օգտվելու հնարավորություն է ստանում: Այսինքն՝ մենք ունեինք իրավիճակ, որ Սևծովյան երկու նավահանգիստներից ազատ օգտվելու իրավունք էինք ստանում: Դեպի Սև ծով երկու ելք ունենալու հանգամանքը էապես պետք է դյուրացներ Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը»,- նշեց նա:
Արմեն Մարուքյանն ասաց, որ պայմանագրի երկրորդ բլոկը կարելի է պայմանականորեն կոչել ոչ միայն հայ ժողովրդի, այլ ոչ թուրք ժողովուրդների խախտված սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող հոդվածաշար: «125-րդ հոդվածում նշվում էր, որ Թուրքիայից անջատվող տարածքներում բնակվող նախկին օսմանահպատակներն ազատ են իրենց քաղաքացիության ընտրության հարցում: Սա նշանակում էր, որ թե´ ՀՀ-ին միացվող Արևմտյան Հայաստանի նահանգներում գտնվող և Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած հայության փշրանքները, թե´ արաբական երկրներ տեղափոխված մեր հայրենակիցները կարող էին ազատորեն ընտրել ՀՀ քաղաքացիություն»,- տեղեկացրեց Արմեն Մարուքյանը:
Նրա փոխանցմամբ՝ 142-րդ հոդվածի առաջին նախադասությամբ թուրքական պետությունը համարվում է 1914 թվականի նոյեմբերի մեկից՝ Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելուց սկսված այդ երկրում հաստատված իշխանությունը ահաբեկչական է: «Սա քաղաքական գնահատական էր երիտթուրքերի վարչակարգի և սրա տակ ստորագրել է թուրքական պետությունը»,- նշեց նա:
Արմեն Մարուքյանի խոսքով՝ թուրքական պետության վրա պարտավորություն էր դրվում պատերազմի ընթացքում բանտարկված, տեղահանված, անհետացած, առևանգված մարդկանց ազատ արձակելու, նրանց իրենց բնակավայրերը վերադարձնելու. այս գործընթացը կրկին չէր վստահվում թուրքական պետությանը, կրկին խառը հանձնաժողով պետք է ստեղծվեր: Նրա խոսքով՝ սա նույնպես չափազանց կարևոր հոդված է մեր խախտված իրավունքների վերականգման առումով:
«144-րդ հոդվածը չափազանց կարևոր է հայ ժողովրդի ունեցվածքի բռնազավթման դեմ պայքարելու տեսանկյունից: Առանց վարանելու կարող ենք փաստել, որ ներկայիս Թուրքիայի տնտեսությունն այսօր զարգանում է հայերից, հույներից, ասորիներից, հրեաներից բռնազավթված ունեցվածքի հաշվին և այս 144-րդ հոդվածում հստակ մեխանիզմներ են առաջարկվում, թե ինչպես պետք է թե´ անշարժ, թե´ շարժական գույքը վերադարձվի օրինական տերերին: Կարող ենք արձանագրել, որ 144-րդ հոդվածը եթե Ազգերի լիգան փոխարինենք ՄԱԿ-ով, միանգամայն գործուն մեխանիզմ է հայերի նյութական ունեցվածքը վերադարձնելու տեսակետից, եթե կադաստրային փաստաթղթերը վերհանվեն և բացահայտվի, թե տվյալ գույքերը նախկին ինչ սեփականատերերի են պատկանել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ երրորդ բլոկը պատերազմական հանցագործների և Ցեղասպանության պատասխանատուներին պատժելու հոդվածներն են: «Փարիզի խաղաղության վեհաժողովի շրջանակներում ստեղծվել էր պատերազմը սանձազերծողներին պատասխանատվության ենթարկելու և պատժելու հատուկ հանձնաժողով: Այս հանձնաժողովը բարձրացրել էր այս հարցը, որ պատերազմի ընթացքում հանցագործություններ կատարած անձինք միանշանակ պետք է ենթարկվեն միջազգային տրիբունալի արդարադատությանը, սակայն այդ տրիբունալը չստեղծվեց այդպես էլ»,- նկատեց նա:
Արմեն Մարուքյանը նշեց, որ թվարկվածից պարզ է, թե ինչքան բազմապրոֆիլ է Սևրի պայմանագիրը և միայն մեզ վերաբերող հոդվածներով չի սահմանափակվում:
Ինչ վերաբերում է նրան, թե Լոզանի պայմանագիրը փոխարինել է Սևրի պայմանագրին, Արմեն Մարուքյանը ասաց, որ որևէ պայմանագիր փոխարինում է նախորդին միայն այն դեպքում, երբ նոր պայմանագրի ստորագրող կողմերը նույնական են և պաշտոնապես հայտարարվում է, որ կողմերը հավաքվել են նախկին պայմանագրի դրույթները փոխելու:
«Լոզանը միանգամայն այլ պայմանագիր է, նախ՝ պայմանագրի ստորագրման կողմերն են տարբեր, Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել Լոզանի պայմանագիրը և որևէ ձևով պարտավորված չէ այդ փաստաթղթով, պայմանագրի առարկան էլ բացարձակապես տարբեր է: Սևրը լուծում էր Առաջին աշխարհամարտի ավարտի հարցերը, նաև Օսմանյան կայսրության պարտության ամրագրումն էր, Լոզանի պայմանագիրը արձանագրում էր հույն-թուրքական պատերազմի արդյունքները, և արևմտյան ու հարավային սահմանների հարցն էր կարգավորում, ինչպես նաև քեմալականների ճանաչելիության խնդիրն էր դրված. Այսինքն՝ միջազգայնորեն քեմալականները ճանաչվում էին որպես Թուրքիայի օրինական իշխանություններ»,- ասաց նա և շեշտեց, որ համադրություններից պարզ է, որ այս երկու պայմանագրերը լրիվ տարբեր են:
«Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Սևրի պայմանագիրը մասնակիորեն գործադրված պայմանագիր է, այսինքն՝ այն միայն պատմական փաստաթուղթ չէ, որովհետև հաղթանակած տերություններն առնվազն արաբական հողերի անջատման գործընթացի հիմք դիտում էին Սևրի պայմանագիրը, այդ գործընթացն ընթացել է մինչև Լոզանի ստորագրելը: Լոզանի պայմանագիրը սրբագործել է Սևրի պայմանագիրը և արևելյան սահմանի հարց չի քննարկվել: Մենք կարող ենք արձանագրել, որ Սևրի պայմանգիրը՝ որպես մասնակիորեն գործադրված փաստաթուղթ, իր արդիականությունը չի կորցրել, քաղաքական կամքի արտահայտությամբ Սևրը ստորագրած որևէ երկիր կարող է պատմական, քաղաքական որոշում կայացնել և վավերացնել այդ փաստաթուղթը, ինչին կարող են հետևել մյուս պետությունները, և սա լուրջ սպառնալիք կարող է դառնալ թուրքական պետության համար, որովհետև Սևրաֆոբիան այսօր էլ արդիական է Թուրքիայի Հանրապետությունում»,- շեշտեց նա:










