Իմ որոշումը պայմանավորված է մեր թիմի քննարկումներից բխող հետևություններով․ կուսակցությունում կա միասնական դիրքորոշում ՍԴ դատավորի թեկնածու Վ․ Ավետիսյանին քվեարկելու հետ կապված․ Հ․ Աղազարյան

17:17 • 10.08.20

Նախարարությունում արտահերթ խորհրդակցություն կար, այդ պատճառով Արայիկ Հարությունյանը չի կարողացել գալ, բայց հանդիպումը կլինի: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջև կուսակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Դիտարկումը, որ Արայիկ Հարությունյանը խուսափում է անգամ իշխող ուժի հետ հանդիպումից, Աղազարյանը հերքեց:

«Բացարձակապես այդպիսի միտում չկա, ինքը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպել և քննարկել հարցերը: Գնահատականները կառուցված են շահարկման հենքի վրա: Գործադիրը կատարում է իր գործառույթները, այդ թվում պարոն Հարությունյանը՝ որպես ԿԳՄՍ նախարար, իրականացնում է իր ամենօրյա աշխատանքը և հետևաբար չի կարող իր աշխատանքն ընդհատել և հանդիպել ԱԺ պատգամավորների հետ»,- ասաց Աղազարյանը:

Ըստ պատգամավորի, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իրականացվող քաղաքականությունը խնդրահարույց կլինի, ապա այդ ուղղությամբ ավելի գործնական քայլեր կձեռնարկվի:

«Անձամբ ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը և նախարարությունը ճիշտ ուղու վրա է, և չեմ կարծում, որ այնպիսի սխալներ թույլ կտան այս պահին, որոնք անդառնալի ազդեցություն կունենան»,- ասաց Աղազարյանը:

Դիտարկմանը, որ նախարար Հարությունյանը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ «կրթության ռեֆորմը տեղի է ունենալու`անկախ ձեր աղմուկից» և ինչպես է գնահատում Հովիկ Աղազարյանն այս գրառումը, պատգամավորը պատասխանեց, որ նախարարի խոսքն ուղղված էր ընդդիմադիր ուժերին, որոնց քննադատությունը մեծ մասամբ տենդենցիոզ են:

«Ընդդիմության քննադատությունը շատ կարևոր է, որովհետև դա զգոն է պահում իշխանությանը և իշխանությունը կարողանում է իր քայլերի մեջ ավելի հետևողական լինել»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների թեկնածուներին, մասնավորապես Վահրամ Ավետիսյանին, այն դեպքում, երբ նրա շուրջ մեծ քննարկումներ են ծավալվում, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինքն իր համար որոշել է, թե թեկնածուին ինչպես կքվեարկի:

«Իմ որոշումը պայմանավորված է մեր թիմի քննարկումներից բխող հետևություններով և կա այդ որոշումը, բայց այդ որոշումն իմ համար կապված չէ այն հանգամանքի հետ, որ որդիները պետք է պատասխան տան հայրերի արածների համար, քանի որ մենք բոլորս գալիս ենք երեկվանից, ոչ մեկս ապագայից չենք եկել»,- սաաց Աղազարյանը:

Հարցին, թե արդյոք չի լինի՞ շահերի բախում, պատգամավորն ասաց, որ իրավական համակարգն ունի գործիք, ու եթե առաջանա շահերի բախում, ապա տվյալ անձնավորթյունը չի մասնակցի տվյալ հարցի քննարկմանը: Նա նաև ասաց, որ կուսակցությունում կա միասնական դիրքորոշում ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին քվեարկության հետ կապված: