Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի

18:36 • 10.08.20

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի: Այս մասինմ հաղորդում է «Ալ-Ջազիրան»` հղում անելով Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդին:

Նրա խոսքով` տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են համարվում: Նրանք հիմնականում օտարերկրացի աշխատողներ են:

Հիշեցնենք, որ լիբանացիներն օրեր շարունակ իրենց բողոքն են հայտնում կառավարության դեմ և պահանջում իշխանությունների հրաժարականը:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաժարական են ներկայացրել արդարադատության նախարար Մարի Կլոդ Նաջեմը, տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը և շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Կատարը, ինչպես նաև 8 պատգամավորներ:

Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ տվյալներով` պայթյունի պատճառ է դարձել նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը (2700 տոննա), ինչի բռնկման հետևանքով ավերվել է քաղաքի կեսը, ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի: Ավելի քան 6000 վիրավորվել են: Իսկ զոհերի թիվը գնալով աճում է, նրանց թվում 13 հայ կա, որոնք Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ են: