Օգոստոսի 3-ից 10-ը Ոստիկանությունը հանրապետության տարածքում հայտնաբերել և այրելով ոչնչացրել է 11 տոննա 562 կգ կանեփի և 7 կգ կակաչի վայրի աճած զանգված (տեսանյութ)

22:24 • 10.08.20

Օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2020»համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավված են ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Օգոստոսի 3-ից 10-ը նրանք հանրապետության տարածքում հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 11 տոննա 562 կգ կանեփի և 7 կգ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 85 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 2224 բույս:

Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 917 գրամ մարիխուանա, 702 գրամ կանեփ, ինչպես և հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 20-ից ավելի։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: