Վարչապետը կամ տեղյակ չէ Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի օտարման և կառուցապատման նախագծի հետ կապված իրավական խախտումների մասին, կամ էլ լռում է. Տիգրան Ամիրյան
Ցավալի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ տեղյակ չէ Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի օտարման և կառուցապատման նախագծի հետ կապված իրավական խախտումների մասին, կամ էլ լռում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ, «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի համահեղինակ Տիգրան Ամիրյանը` անդրադառնալով օգոստոսի 7-ին վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են թաղամասի կառուցապատմանը վերաբերող հարցեր:
«Նախաձեռնող խումբը Ֆիրդուսի թաղամասի հետ կապված խնդիրների հարցով նամակ էր ուղղել նաև վարչապետին, և ոչ մի արձագանք չեղավ կառավարության կողմից, ինչը վտանգավոր երևույթ է, ոչ միայն պատմամշակութային խնդիրներ կան, այլ նաև լուրջ իրավախախտումներ, որոնք մեր իշխանությունները չեն ուզում նկատել, թե ում ձեռքն է հանձնում այդ թաղամասը: Երկրորդ խնդիրն այն է, թե վարչապետի և Տիգրան Ավինյանի կողմից պարբերաբար հնչում են միայն կառուցապատել և ներդրումներ բառերը, բայց նախ և առաջ թաղամասը քանդում են, պետք է հասկանալ` ինչը պետք է քանդել»,-ասաց նա:
Անդրադառնալով խորհրդակցության ժամանակ հնչեցված տվյալներին, թե արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը, Տիգրան Ամիրյանը հիշեցրեց, որ մինչև հիմա դատական գործեր կան, բնակիչները պահանջում են, որ նախկին ձևով տարածքները չհաշվարկվեն, այլ նոր գնով:
«Բացի այդ, բնակիչներից շատերը ոչ թե պայմանագրեր, այլ հուշագրիր ունեն, այսինքն` այդ խոստումները, որ մենք կփոխհատուցենք դրանք, մնում են օդի մեջ արդեն երկար տարիներ, դրա համար շատերը հույս էլ չունեն, որ նոր հայտարարությունները իրականություն կդառնան»,-ասաց նա:
Անդրադառնալով կառուցապատողի խնդրին` Տիգրան Ամիրյանն ասաց, որ արդեն իսկ տեղեկացրել էին, որ հին կառուցապատողն է. 2018 թ. մարտի վերջին դարձյալ տարածքը հռչակվում է հանրային գերակա շահ, և ձեռք բերող ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է, «Գլենդել Հիլզի» գործադիր մարմնի ղեկավարը:
«Ապշեցուցիչ երևույթ էր, երբ հեղափոխությունից հետո մեզ քաղաքապետարանի արտահերթ նիստին հրավիրել էին, և դահլիճ մտան երեք անձնավորություն, որոնց վաղուց քրեական գործերով պետք է պատասխանատվության ենթարկած լինեին, այսքան բանից հետո ուզում էին համոզել, որ նույն կազմակերպությունը չէ, նոր կազմակերպությունն է»,-ասաց նա:
Տիգրան Ամիրյանը նշեց, որ իշխանությունները պետք է զերծ մնան կասկածելի գործընթացի մեջ ներգրավվելուց: Նա նաև հիշեցրեց, որ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը » հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Ֆիրդուսի թաղամասի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։
«Տեղեկություն չունեմ` որևէ նորություն կա, թե ոչ, կարծում եմ` էդպես էլ կսառեցվի, իրենց ձեռնտու չէ: Կրկնեմ ՝ պետք է հրաժարվել կրիմինալ ծագմամբ ընկերության, անհայտ ներդրողների հետ համագործակցությունից »,-ասաց նա:
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն և գործընկեր այլ կազմակերպություններ մշակել են Ֆիրդուսի թաղամասի այլընտրանքային նախագծային մրցույթի փաթեթ «Այլընտրանքային 33» մրցույթի կայքում։










