Լիբանանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

23:40 • 10.08.20

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է կառավարության հրաժարականը: Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, երկրի ղեկավարը խնդրել է նախարարներին և վարչապետի շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նոր կառավարության կազմավորումը:

Կառավարության ողջ կազմով և իր հրաժարականի մասին վարչապետ Հասան Դիաբը հայտնել էր ժամեր առաջ: Այս որոշումը հետևել էր օրեր շարունակ չդադարող ցույցերի ընթացքում բնակիչների ներկայացրած պահանջներին: Ցուցարարները, որոնք ուրբաթ օրվանից ողողել են մայրաքաղաք Բեյրութի փողոցները, պահանջում էին կառավարության, խորհրդարանի հրաժարականներն ու բարեփոխումների իրականացում:

Բողոքի ցույցի դուրս գալ մարդկանց ստիպել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը, որից հետո առանց այդ էլ ծանր տնտեսական և առողջապահական վիճակում գտնվող Լիբանանն, էլ ավելի տուժեց:

Բացի այդ, պայթյունի հետևանքով վերջին տվյալներով մահացել է 200 մարդ, որոնց թվում`13 հայ: Ավելի քան 6000 մարդ վիրավորվել է, տասնյակ բնակիչներ դեռ անհետ կորած են համարվում, ավելի քան 300 000-ն էլ մնացել են առանց տանիքի: Մեծապես վնասվել են նաև նավահանգստի հարևանությամբ բնակվող հայերի տները:

Լիբանանի ՆԳՆ տվյալներով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2700 տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն է եղել: