Թրամփը խոստացել է «զգալի» օգնություն ցուցաբերել Լիբանանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «զգալի» օգնություն ցուցաբերել Լիբանանին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Շատ երկրներ են փորձում օգնել»,-ասել է ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Լիբանանին օգնելու նպատակով ստեղծված խմբի ղեկավարների նիստի ժամանակ:
Հարցին այն մասին, թե կոնկրետ ինչ չափի օգնություն կտրամադրի ԱՄՆ-ն, նախագահ Թրամփը պատասխանել է. «Դա զգալի կլինի»:
Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ն արդեն երեք ռազմական ինքնաթիռ է ուղարկել Լիբանան` օգնություն հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, վիրավորները 6000-ից ավելի են։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:










