Ավելի քան 1000 հայ ընտանիքի տուն քանդվել է Բեյրութի պայթյունից, ստեղծել ենք վերականգնման մարմին, որը զբաղվելու է լիբանանահայ գաղութի հոգսերով և դժվարություններով. Սեպուհ Կալպակյան

21:25 • 11.08.20

Լիբանանում տեղի ունեցած պայթյունից անցել է մեկ շաբաթ: Պայթյունի հետևանքներից մեկ շաբաթ անց հայ համայնքի խնդիրների, Լիբանանում տեղի ունեցող ցույցերի, կառավարության հրաժարականի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Լիբանանի Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ:

- Պարո՛ն Կալպակյան, մեկ շաբաթ անցավ Բեյրութի պայթյունից, ի՞նչ վիճակ է հիմա այդտեղ, կներկայացնե՞ք համայնքի խնդիրները:

- Նախքան բուն հարցին անդրադառնալը, ցանկանում եմ նշել, որ երկու օր է՝ որոշ սփոփանք ենք ապրում այն իմաստով, որ հայրենի պետությունը լիբանանահայությանը և Լիբանանին միայնակ չթողեց և մի քանի ինքնաթիռներով մարդասիրական օգնություններ հասան Լիբանան, նաև պատվիրակություն եկավ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Սա լիբանանահայ գաղութի համար հպարտություն էր և ճիշտ էր որոշել Հայրենի պետությանը, որ այդ օգնությունն ողղված լինի հենց Լիբանանի ամբողջ ժողովրդին և ոչ միայն հայ համայնքին:

Ինչ վերաբերում է պայթյունին, այո, այսօր 7-րդ օրն է, մեկ շաբաթ անցավ պայթյունից, քանի որ հայկական թաղամասերը գտնվում են Բեյրութի նավահանգստի  հանդիպակաց կողմը, դժբախատաբար, մենք հարվածի մեր բաժինը ստացանք, բայց արդեն մեկ շաբաթ է սկսել ենք մեր վերքերը ամոքել. ամեն մարդ ինչով որ կարող է իր տանը որոշ փոփոխություններ, մաքրություն, շինարարություններ անում է, բայց շատ սահմանափակ են հնարավորությունները, որովհետև Լիբանանը 6-7 ամիս է՝ գտնվում է տնտեսական սուր ճգնաժամի մեջ, դրամատները կիսասնանկացած վիճակում են:

Դրամատներում պահ դրված գումարները անհասանելի են, հետևաբար, ամբողջ համայնքը՝ ունևորը և չունևորը նույնացան, բոլորն էլ չքավորության եզրին են: Մենք Լիբանանի մեջ այս պայթյունից հետո երեք օր առաջ ստեղծել ենք լիբանանահայության վերականգնման մարմին: Այն բաղկացած է ինն անձերից, որոնց մաս են կազմում երեք ավանդական կուսակցությունների ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ ներկայացուցիչները, երեք համայնքները՝ կաթողիկեն, ավետարանականը և առաքելականը, ինչպես նաև երեք բարեսիրական միությունների ներկայացուցիչները:

Այս մարմինը երկուշաբթի օրվանից ստանձնել է լիբանանահայ գաղութի հոգսերը և դժվարությունները հոգալու աշխատանքը և Արամ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ արդեն դրամահավաքներ են սկսել կազմակերպվել սփյուռքի գաղութների մեջ և այդ գումարներով պետք է փորձենք նախ ազգային կառույցները վերանորոգել՝ դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ։

Երկորդ փուլով պետք է անցնենք հայերի բնակարանների շինարարության օժանդակությանը, որից հետո պետք է փորձենք դեղորայք ապահովել, որովհետև դեղորայքի սարսափելի պակաս կա: Այս բոլորը պետք է փորձենք շրջանցել և լուծումներ գտնել: Մենք աղետի օրը կարողացանք մեր ժողովրդին հասնել, քանի որ պայթյունի հետևանքով շրջանի հիվանդանոցները անգործածելի են դարձել, վիրավորներին այլ շրջանների հիվանդանոցներ տեղափոխեցինք:

- Անտուն մնացած հայեր շատ կա՞ն:

 - Շատ հայեր կան, որոնց բնակարանը քանդվել է, հատկապես նավահանգստից կես կամ մեկ կմ հեռավարության վրա գտնվող շրջաններինը: Պայթյունի առաջին գիշերը անտուն մնացածների համար կարողացանք լուծումներ գտնել՝ լինի Բեյրութի քաղաքապետարանի կողմից տրամադրված հյուրանոցային սենյակներ, մեր ազգակիցների կողմից բացված անշահախնդիր դռները, նաև Լիբանանի ժողովրդի կողմից: Ամեն մարդ սկսեց բարեսիրություն անել, ամեն դռները բացվեցան:

Հիմա դեռ հայ ընտանիքներ կան, որ մուտք չեն գործել իրենց բնակարաններ, չեն վերադարձել և իրենք մեկ-երկու ընտանիք չեն, հարյուրավոր ընտանիքներ են, որ նոր են սկսել գալ ու իրենց տները մաքրել: Ճշգրիտ հաշվարկ չկա, թե քանի ընտանիքի տուն է քանդվել, կարող եմ ասել՝ հազարից ավելի ընտանիքի մասին է խոսքը, իսկ ամբողջ շրջանի համար, ոչ միայն հայ համայնքի, պայթյունի հետևանքով առաջացած նվազագույն ավերը լիբանանյան բանակը գնահատել է  նվազագույնը 10 մլրդ դոլար, իսկ տեղի ունեցած պայթյունը համազոր է 4,5 մագնիտուտ երկրաշարժի ուժգնության:

- Պայթյունի պատճառների ի՞նչ պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածներ են շրջանառվում:

- Պետությունն ասում է՝ 2014-ից ի վեր 2700 տոննա պայթուցիկ նյութեր են մնացել, այնտեղ նորոգություն է տեղի ունեցել, կայծը թռել է, բոց է եղել. Հավանական է այս վարկածը: Լիբանանյան բանակը իր վերջնական զեկույցը չի ներկայացրել դեռ:

Ինձ՝ որպես քաղաքացու, ոչ թե որպես կուսակցության ատենապետի, որ հարցնեն, կսեմ՝ կես կմ այս կողմ էի պայթունի վայրից և լսել եմ պատերազմական օդանավի ձայներ, ինձ պես շատ մարդիկ էլ են լսել, բայց այս մասին ոչ մի խոսք չկա և ոչ մի հայտարարություն չկա: Այս շփոթության պատճառով է, որ Լիբանանի մեջ ներքին խնդիր ունենք, ոմանք պահանջում են հարցի միջազգային քննություն, օտար երկրների մասնագետներ գան և քննություն անեն՝ ինչն է կատարվածի պատճառը, իսկ հրաժարական ներկայացրած կառավարության խմբակը համամիտ չէ այդ տեսակետի հետ:

Ասում են՝ տեղական մակարդակով պետք է պարզվի, բայց մեր հնարավորությունները սահմանափակ են: Արժե դիմել միջազգային օգնությանը, որ հստակ լինի, որովհետև կարծես ատոմային միջուկ է պայթել, ինչպե՞ս կարելի է սա թաքցնել և ասել՝ բան չկա: Սա անընդունելի է:

 - Լիբանանում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսել, ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ:

- Կորոնավիրուսի տարածումից հետո բողոքի ցույցերը նվազել էին և ժողովուրդն արդեն անտարբերություն էր ցուցաբերում, երբ որ այս պայթյունը տեղի ունեցավ, կարծես արդեն բաժակը հորդեցավ, որովհետև սա անսպասելի և անընդունելի է, ինչպե՞ս կարելի էր մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր մարդաբնակ շրջանների մեջ զետեղել, պատասխանատուներ պետք է լինեն սրա համար:

Տեղի է ունեցել հազարավոր բնակարանների քանդում, 200-ից ավելի զոհ կա, 6000 վիրավոր, զոհերի մեջ 16-ից ավելին հայ են, ավելի քան 1000 վիրավոր ունենք՝ միայն լիբանանահայեր: Այս անընդունելի պատահարի հետևանքով էլ ժողովուրդը դուրս եկավ փողոց։ Կառավարությունը 6 ամիս է՝ ստանձնել էր պարտականությունները և այդ ժամանակը բավարար էր փոփոխություններ իրականացնելու համար, սակայն դրանք չիրականացվեցին:

Երկու օր առաջ հսկայական ցույցեր տեղի ունեցան, որի ընթացքում նույնիսկ բախումներ եղան ցուցարարների և ոստիկանների միջև, նույնիսկ զոհեր եղան: Կառավարությունը հասկացավ, որ շարուանկելն անհնար է, թեպետ վարչապետն այդ մտքին չէր, սակայն 4-5 նախարարներ, առանց վարչապետի կարծիքը հաշվի առնելու, ինքնաբուխ դիմեցին հրաժարականի, որը ստիպեց վարչապետին հաջորդ օրը հրաժարական տալ:

Խորհրդարանի 9 պատգամավորներ ևս հրաժարական ներկայացրեցին՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա ցուցարարների գլխավոր նպատակը այն է, որ պետք է Լիբանանի մեջ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ ձևավորվի նոր խորհրդարան, որի հիման վրա ստեղծվի նոր կառավարություն և նույնիսկ պահանջում են, որ այս երկու պրոցեսներից հետո տեղի ունենան նախագահական ընտրություններ, որովհետև ժողովուրդը դժգոհ է նախագահի գործունեությունից ևս:

-Պարոն Կալպակյան, հայ համա՞յնքն էլ է նույն կարծիքի, որ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

 -Ես կարող եմ իմ կուսակցության մասին խոսել․ ՍԴՀԿ-ն  հոկտեմբերից մասնակից ու քաջալերող էր այդ ցույցերին և մեր երիտասադրությանը ազատություն տվեցինք, որ գնան և մասնակցեն դրանց: Մեր կեցվածքը հստակ է այս ուղղությամբ, մենք բացարձակապես մաս չկազմեցինք այս կառավարությանը, այսօր էլ պահանջում ենք, որ այս կառավարությունը հրաժարական տա: Մենք այս գծի մեջ ենք: Պահանջում ենք բարեփոխումներ և այս կոռուպցիային պետք է վերջ տրվի, ամեն տեսակի օրենք պետք է ճշտվի, այլապես երկիրը կողոպտողները կմնան անպատիժ:

- Ստացվում է այս հարցում համայնքը միասնակա՞ն չէ:

- Ոչ, նեղ, ներքին լիբանանյան քաղաքականության իմաստով տարակարծիք ենք, որովհետև մենք մի կողմ ենք, Դաշնակցությունն այլ կողմ է, բայց մենք համաձայնություն ունենք կուսակցությունների հետ, որ արտաքին քաղաքական հարցերը չբերենք համայնք և չփորձենք շեղել կամ խանգարել համայնքի անդորրը:

Փաստն այն է, որ մենք ամեն ամիս հանդիպում ենք միչկուսակցական ժողովով և հիմա էլ այդ նոր վերականգնումի մարմինը ստեղծեցինք երեք կուսակցությունով: Մեր գործունեթյունը՝ լինի Ցեղասպանության, Հայ Դատի հետապնդման աշխատանքների հետ կապված, ամենուր միասնական է: Հուսով եմ՝ այս ամենից հետո կարող ենք միասնական եզրեր գտնել հայ քաղաքական կյանքի մեջ, որովհետև այլևս ամեն ինչ փոխված է, ժողովրդի հայացքը փոխված է հատկապես կորոնավիրուսից և այս մեծ պայթունից հետո ժողովուրդն ուզում է հանդարտ կյանք ապրել այլևս և մի քիչ էլ հեռու մնալ քաղաքականությունից, որովհետև հոգնել է: