Մինսկում բախումների վայր ժամանող մի շարք ցուցարարներ պաշտպանիչ արտահագուստներ են կրում, մեծ է տեղում գտնվող ոստիկանական բեռնատարների թիվը

03:13 • 11.08.20

Միսնկի մետրոպոլիտենի «Սպորտային» կայարանի մոտակայքում ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախումները շարունակվում են, ցուցարարները թիվը շարունակում է ավելանալ:

РИА Новости-ի թղթակիցը հաղորդում է, որ բախումների վայր են ժամանում պաշտպանիչ արտահագուստով՝ սաղավարտներով, արմնկակալներով և ծնկակալներով մի շարք երիտասարդներ: Վերջիններն իրենց ներկայությունը տեղում բացատրել են նրանով, որ ցանկանում են տեսնել, թե ինչ է կատարվում և իրենց բողոքն արտահայտել նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ:

Մետրոյի հարևանությամբ մեծ թվով ոստիկանական բեռնատարներ են տեղակայվել:

Իսկ ներքին զորքերը «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աջակցությամբ Մինսկի կենտրոնից փորձում է ցրել Պրիտիցկովո փողոցում հավաքված ցուցարարներին՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառելով նրանց նկատմամբ: